- 13 Մար
- 2026
ՌՀՀ-ում տեղի ունեցավ «Իմ կյանքի սցենարը» վարպետաց դաս
Վարպետաց դասը վարեց հոգեբան Արմինե Ավագյանը, Եվրոպական գեշտալթ-թերապիայի ասոցիացիայի և Ռուսաստանի մասնագիտական հոգեբուժական լիգայի լիիրավ անդամ:
Ռուս-հայկական համալսարանում մարտի 11-ին անցկացվեց վարպետաց դաս՝ «Իմ կյանքի սցենարը» թեմայով, որը կազմակերպվել էր հեքիաթաթերապիայի մեթոդի կիրառմամբ։ Միջոցառումը տեղի ունեցավ ՌՀՀ հոգեբանության ամբիոնի կազմակերպած հոգեբանական վարպետաց դասերի շրջանակում, որտեղ հեղինակային ծրագրեր իրականացնում են փորձառու հոգեբան-խորհրդատուները և հոգեբան-մասնագետները։
Վարպետաց դասը վարեց հոգեբան Արմինե Ավագյանը, Եվրոպական գեշտալթ-թերապիայի ասոցիացիայի և Ռուսաստանի մասնագիտական հոգեբուժական լիգայի լիիրավ անդամ, «Աճ» անձնային և բիզնես զարգացման կենտրոնի տնօրեն։
ՌՀՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Ասյա Բերբերյան նշեց. ««Թրեյնինգ» տերմինը այսօր ակտիվորեն կիրառվում է բազմաթիվ մասնագիտական ոլորտներում: Հոգեբանության մեջ այն երբեմն կապվում է մոտիվացնող կարգախոսների կամ մակերեսային ռելաքսացիոն վարժությունների հետ, սակայն իրականում հոգեբանական թրեյնինգը անձի ակտիվ զարգացման և ուսուցման մեթոդ է: Այն ուղղված է նոր հմտությունների ձևավորմանը, վարքի փոփոխությանը և միջանձնային հարաբերությունների օպտիմալիզացմանը: Թրեյնինգը ներառում է գործնական վարժություններ, դերի խաղեր, քննարկումներ, հեքիաթների վերլուծություն, մեթաֆորիկ քարտերով աշխատանք, իրավիճակների մոդելավորում և դեպքերի ուսումնասիրություն»։







