- 04 Հու
- 2023
ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահը քննարկել են համագործակցության հեռանկարները
Հանդիպման ընթացքում նշվել է, որ համալսարանն իր ուրույն և ամուր տեղն է զբաղեցնում ՀՀ կրթական համակարգում:
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը հունիսի 30-ին կայացած հանդիպմանը քննարկել են համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։
Յուրի Նավոյանը շնորհավորել է Էդվարդ Սանդոյանին ՀՌՀ-ի ռեկտոր ընտրվելու կապակցությամբ և մաղթել համակարգված աշխատանք հայ-ռուսական միակ միջպետական ուսումնական հաստատությանը։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ համալսարանն իր ուրույն և ամուր տեղն է զբաղեցնում ՀՀ կրթական համակարգում, և անցած տասնամյակն ապացուցել է համալսարանական անձնակազմի արդյունավետությունը տարբեր պայմաններում։ Հայ-Ռուսական համալսարանի ստորաբաժանումների ուսումնական ծրագրերը, մեթոդական և գիտական մշակումները եղել և մնում են արդիական ու մրցունակ:
Դժվար է գերագնահատել համալսարանի դերը նաև հայ-ռուսական հումանիտար համագործակցության զարգացման գործում։ Այս համատեքստում կողմերը կարևորել են ընթացիկ տարվա հունիսի 14-ին ՀՌՀ-ում հայ-ռուսական առաջին գիտակրթական համաժողովի թեմատիկ հանդիպումների անցկացումը։
Էդվարդ Սանդոյանն և Յուրի Նավոյանը քննարկել են համագործակցության հնարավոր ասպարեզները, որոնք ներառում են Ռուսաստանի Դաշնության գիտական և կրթական հաստատությունների հետ համալսարանական համագործակցության զարգացման խթանումը, համատեղ միջոցառումների և հետազոտությունների անցկացումը։
Հանդիպման ընթացքում ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահը համալսարանին նվիրել է «Ռուսաստանի Դաշնություն և Հայաստանի Հանրապետություն․ դաշնակցային համագործակցության 30 տարին» եռահատորյակը, որը ներառում է նաև Հայ-Ռուսական համալսարանի ստեղծման մասին միջպետական համաձայնագրերը և դրանց կից հավելվածները։