- 28 Փետ
- 2024
ՀՌՀ-ն և «Դուբնա» պետական համալսարանը համագործակցության նոր ուղիներ են սահմանել
Համագործակցության համաձայնագիրը ստորագրեցին ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և Դուբնայի համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Օլգա Անիսիմովան:
Փետրվարի 28-ին Հայ-Ռուսական համալսարանը և «Դուբնա» պետական համալսարանը կնքեցին համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և «Դուբնա» համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Օլգա Անիսիմովան:
«Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք բնագիտական ուղղությունների զարգացումը և գիտության զարգացման համար գործընկերական շփման կետերի ձևավորումը: Մեր նպատակն է, ուսանողներին հնարավորություն ընձեռել ձեռք բերել իրենց գիտելիքները: Առանցքային տարրը այնպիսի կարևոր գործընկերոջ առկայությունն է, ինչպիսին է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, որը հնարավորություն է տալիս գործնական ձևով կիրառել այն գիտելիքները, որոնք ուսանողները կարող են ստանալ երկու համալսարանների ՝ Դուբնայի համալսարանի և ՀՌՀ - ի հիման վրա», - ընդգծեց Օլգա Անիսիմովան:
Պայմանագրի համաձայն` բուհերի միջև համագործակցությունն իրականացվելու է համատեղ (ցանցային) հիմնական կրթական և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերի, գիտահետազոտական նախագծերի մշակման և իրականացման ուղղություններով ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային այլ ծրագրերի շրջանակներում:
Բացի այդ, ՀՌՀ-ի գիտամանկավարժական կազմը և ուսանողները կկարողանան մասնակցել ակադեմիական ծրագրերին: Կկազմակերպվեն նաև համատեղ ուսումնամեթոդական միջոցառումներ` մասնագետների պատրաստման աշխատանքային փորձի փոխանակման և այլնի համար:
Թարգմանեց՝ Նենսի Աբրահամյանը
("Լրագրություն", III կուրս)