research
  • 23 Սեպ
  • 2021

ՀՌՀ-ում բացվել է Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնը

    Երկու տարվա ընթացքում դրամաշնորհի շրջանակներում ձեռք են բերվել գենոմի սեքվենավորման և խմբագրման նորագույն սարքավորումներ, որոնք առաջին իսկ օրվանից կիրառվել են գիտահետազոտական և կրթական ծրագրերում։ 

    Հայ-Ռուսական համալսարանում կայացել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում համալսարանի կողմից հիմնադրված «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՀՀ ԿԳՄՍ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանը և կենտրոնի ներկայացուցիչներ: 

    «Այս լաբորատորիան մեր լավագույն ձեռքբերումներից մեկն է. ոչ առաջինը և հուսով եմ` ոչ վերջինը: Կարծում եմ, որ հենց նման գործունեության և համագործակցության մեջ է մեր գիտության և կրթության ապագան: Ուզում եմ նշել, որ ինչպես Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը, այնպես էլ մեր STEM (Science, Technology, Engineering և Mathematics) ուղղությունների գծով ինստիտուտները պատրաստ են էլ ավելի ընդլայնել իրենց կարողությունները, և մենք միշտ պատրաստ ենք և ուզում ենք, որ այս համագործակցությունը պսակվի հաջողությամբ»,- նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը: 

    Երկու տարվա ընթացքում դրամաշնորհի շրջանակներում ձեռք են բերվել գենոմի սեքվենավորման և խմբագրման նորագույն սարքավորումներ, որոնք առաջին իսկ օրվանից կիրառվել են գիտահետազոտական և կրթական ծրագրերում։ 

    «Նման լաբորատորիան, իհարկե, միանշանակ ողջունելի է, դա նվաճում է: Մենք բոլոր բնագավառներում պետք է շարունակենք այս մոտեցումները, որ լաբորատոր ապահովվածությունը լինի, առանց որի դժվար է պատկերացնել և որակյալ կրթական մասը, և հետազոտական մասը»,- ընդգծել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: 

    Դրամաշնորհի շրջանակներում ձեռքբերված նանոպորային սեքվենավորման սարքի միջոցով իրականացվել է նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական բնութագրում։ Մշակվել և ներդրվել է նոր մագիստրոսական ծրագիր և լրամշակվել են առկա կրթական ծրագրերը։ Կենտրոնի հենքի վրա իրականացվել են սեմինարներ, վերապատրաստումներ և գիտաուսումնական միջոցոռումներ։ 

    «Այս դրամաշնորհային ծրագրի շրջանակերում, որը մեկնարկել էր 2019թ.-ից և ավարտվեց այս տարի, ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ և ստեղծվել էգիտատեխնիկական բազա, որը մեր ուսանողներին հնարավորություն է ընձեռել հենց համալսարանում իրականացնել գիտահետազոտական և լաբորատոր աշխատանքներ: Բացի այդ`մենք ձեռք ենք բերել երրորդ սերնդի սեքվենավորման սարքը (այն միացվում է համակարգչին և համապատասխան ծրագրի օգնությամբ մշակվում են տվյալները), որի շնորհիվ հետազոտություններ ենք կատարել կորոնավիրուսի շտամի առանձնահատկությունների, լրացուցիչ տարբերակների հայտնաբերման ուղղությամբ»,- ասել է ՀՌՀ-ի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչ, Հայ-Ռուսական համալսարանի Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեկվենավորման կենտրոնի ղեկավար Ռոքսանա Զախարյանը: 

    Իր հերթին` Հայ-Ռուսական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը շեշտել է, որ գենային խմբագրման մեթոդների կիրառումը շատ լայն է`գյուղատնտեսականից մինչև հիվանդությունների ախտորոշման մոլեկուլային մեխանիզմների պարզաբանումը: «Մենք չենք պատրաստվում սահմանփակվել կոնկրետ նեղ ուղղությամբ, այլ փորձելու ենք ստեղծել մի կենտրոն, որը հնարավորություն կտա այդ ուղղությամբ հետաքրքրված հետազոտողների գալ և իրականացնել իրենց հետազոտությունները: Մենք այս պահին ուսումնասիրություններ ենք կատարում որոշակի գենետիկական հիվանդությունների զարգացման պատճառների ուղղությամբ: Եվ կարծում ենք, որ հենց գենային խմբագրման այս նորագույն մեթոդները մեզ նոր գործիք կարող են տալ և օգնել ավելի լավ իրականացնելու այդ հետազոտությունները, ավելի ճշգրիտ տվյալներ ստանալու այդ հիվանդությունների վերաբերյալ»,- ընդգծել է նա: 

    Վերոնշյալ ծրագրով ՀՌՀ-ի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի հենքի վրա «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական և գիտական գերազանցության կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է խթանել ՀՌՀ-ի, այլ բուհերի, կենսաբժշկական ոլորտի գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացումը, ազգային և միջազգային համագործակցությունը, կրթական, գիտահետազոտական և նորարարական գործունեությունը: 
     

     

    Ֆոտո՝ Armenpress News Agency