- 04 Հոկ
- 2022
ՀՌՀ-ն և ՌԳԱ Վլադիկավկազի գիտական կենտրոնը կհամագործակցեն
ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի ներկայացուցիչները մասնակցել են «Քրիստոնեությունը Հյուսիսային Կովկասում․ պատմությունը, մշակույթը, ժամանակակից հասարարակությունը» խորագրով միջազգային կոնֆերանսին։
Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի ներկայացուցիչները մասնակցել են «Քրիստոնեությունը Հյուսիսային Կովկասում․ պատմությունը, մշակույթը, ժամանակակից հասարարակությունը» խորագրով միջազգային գիտական կոնֆերանսին, որը կայացել է սեպտեմբերի 22-25-ը Վլադիկավկազում՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վլադիկավկազի գիտական կենտրոնի Հումանիտար և սոցիալական հետազոտությունների Հյուսիսային Օսիայի ինստիտուտում՝ Հյուսիսային Օսիայի կառավարության և Ռուս ուղղափառ եկեղեցու Վլադիկավկազի և Ալանիայի թեմի գործուն աջակցությամբ։
Որպես պատվավոր հյուրեր և բանախոսներ իրենց զեկույցներն են ներկայացրել ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը, նույն ինստիտուտի պրոֆեսոր Վիկտորիա Առաքելովան և Հայկ Հակոբյանը։
«Մեր այցելության ընթացքում կառուցողական աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել օսեթ գործընկերների հետ։ Այժմ արդյունավետ համագործակցության համար դրված է նաև ինստիտուցիոնալ բազա․ ՀՌՀ-ի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վլադիկավկազի գիտական կենտրոնի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ընթացիկ տարվա նոյեմբերին Երևան կայցելի Հյուսիսային Օսիայի ինստիտուտի պատվիրակությունը, որի ընթացքում նախատեսվում է հուշագրի ստորագրում նաև այդ կառույցի հետ։ Մենք չենք բացառում, որ օսեթագիտությունը կարող է ներառվել մեր կրթական ծրագրերի մեջ՝ կովկասագիտության ուսումնասիրության շրջանակներում»,- նշել է ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Վիկտորիա Առաքելովան՝ հավելելով, որ օսեթ գործընկերներին շատ հետաքրքրել է ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի կրթական ծրագրերը, ինչպես նաև գիտական, կրթական և հրատարակչական գործունեությունը։
Նշենք, որ վերոնշյալ կոնֆերանսին մասնակցել են նաև Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքների պրոֆիլային ակադեմիական ինստիտուտների և բուհերի գիտնականներ, ինչպես նաև Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ։