- 11 Դեկ
- 2021
ՀՌՀ-ն` «Ռուսաց լեզուն Հայաստանի կրթական տարածքում» համաժողովի գործընկեր
Համաժողովին մասնակցել է աշխարհի տասը երկրների բուհերի դասախոսներ, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներ, ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ:
Հայ-Ռուսական համալսարանը հանդես է եկել որպես «Ռուսաց լեզուն Հայաստանի կրթական տարածքում» համաժողովի գործընկեր, որը նախատեսված է ռուսաց լեզուն որպես օտար լեզու դասավանդողների, նաև ռուսերենը ուսումնասիրող ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների համար: Համաժողով-քննարկումը կայացել է նոյեմբերի 26-27-ը`ՌԴ լուսավորության նախարարության հովանու ներքո և կազմակերպվել է Պյատիգորսկի պետական համալսարանի կողմից:
ՀՌՀ-ի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Ռուսաց լեզվի և պրոֆեսիոնալ հաղորդակցության ամբիոնը հանդես է եկել որպես համաժողովի համակազմակերպիչ: Համաժողովի նախագահությունում ՀՌՀ-ն ներկայացրել են ՀՌՀ-ի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը, ՀՌՀ-ի Հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Սարգսյանը, ՀՌՀ-ի Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ Արշակ Սարգսյանը, իսկ ՀՌՀ-ի Ռուսաց լեզվի և պրոֆեսիոնալ հաղորդակցության ամբիոնի վարիչ Կարեն Հակոբյանը համաժողովի մոդերատորներից էր:
Ողջույնի խոսքով համաժողովի մասնակիցներին է դիմել ՊՊՀ-ի ռեկտոր, Ռուսաստանի ռեկտորների միության փոխնախագահ, պրոֆեսոր Ա.Պ. Գորբունովը, որը հատուկ ընդգծել է ռուսաց լեզվի կարևոր դերը միջազգային և ազգամիջյան հաղորդակցության մեջ: Իր հերթին` ՀՌՀ-ի Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ Արշակ Սարգսյանը, ողջունելով համաժողով-քննարկման մասնակիցներին, ընդգծել է միջոցառման անցկացման նոր և ոչ սովորական ձևաչափը ու մաղթել է բեղմնավոր աշխատանք և արդյունավետ պրոֆեսիոնալ հաղորդակցություն:
Համաժողովին մասնակցել է աշխարհի տասը երկրների բուհերի դասախոսներ, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներ, ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ: Բանախոսները և հյուրերը քննարկել են ռուսաց լեզվի հենքի վրա միջբուհական համագործակցության և միջմշակութային հաղորդակցության հետագա զարգացման հեռանկարները, ռուսաց լեզվի և գրականության դասավանդման հարցերը, երիտասարդական ծրագրերը և այլն:
Վերոնշյալ համաժողովի առաջին աշխատանքային օրը առաջին սեկցիայում, որը նվիրված էր ռուսաց լեզվի հենքի վրա միջազգային համագործակցությանը, միջբուհական գործակցությանը և միջմշակութային հաղորդակցությանը, ելույթ է ունեցել ՊՊՀ-ի Միջազգային կապերի կառավարման և կրթական ծրագրերի ղեկավար Վ.Ե. Միշինը («Ռուսաստան-Հայաստան. կրթական համագործակցության ճանապարհով» զեկույցով), որը ներկայացրել է ՀՌՀ-ի և ՊՊՀ-ի միջև համագործակցության դրական փորձը և ներկայացրել է կոնկրետ առաջարկներ հետագա համագործակցության զարգացման ուղղությամբ: Նրանից հետո ելույթ է ունեցել պրոֆեսոր Կ.Ս. Հակոբյանը, որը պատմել է ռուսագիտության ոլորտում ՀՌՀ-ի հաջողությունների մասին, ՌԴ-ում ՀՌՀ-ի գործընկեր բուհերի մասին, ռուսաց լեզվի բնագավառում հետագա համագործակցության և նախանշվող ծրագրերի մասին:
Համաժողովի երկրորդ սեկցիայում, որը նվիրված էր ռուսաց լեզվի և գրականության դասավանդմանը, ելույթ են ունեցել ՊՊՀ-ի և ՀՌՀ-ի առաջատար բանասերները:
Նշենք, որ համաժողովի բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր: