research
  • 16 Մայ
  • 2022

«Siemens»-ը կարևորում է Հայ-Ռուսական համալսարանի հետ համագործակցությունը

    Ստորագրված պայմանագրի համաձայն՝ Հայ-Ռուսական համալսարանի թիմը լուծելու է էլեկտրոնային համակարգերի նախագծման օպտիմալացման խնդիրներ։

    Հայ-Ռուսական համալսարանը և Եվրոպայի խոշորագույն արդյունաբերական ու տեխնոլոգիական ընկերություններից «Siemens»-ը ստորագրել են գիտահետազոտական դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագիր: 

    «Այս համագործակցությունը լայն հորիզոններ է բացում մեր համալսարանի առջև` երկրի և համալսարանի մասշտաբով բարձր որակավորում ունեցող կադրերով ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև բարձրացնում է ռոբոտաշինության ոլորտում մեր ուսանողների և շրջանավարտների մրցունակությունն աշխատաշուկայում», - նշել է ՀՌՀ-ի Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ Արման Դարբինյանը` հավելելով, որ Հայ-Ռուսական համալսարանը համագործակցում է «Siemens»-ի հետ 2020 թվականից (նախկինում՝ «Mentor Graphics»), և այս ընթացքում «Siemens»-ը բարձր է գնահատել Հայ-Ռուսական համալսարանի թիմի բարձր պրոֆեսիոնալիզմը և ընդգծել հետագա համագործակցության կարևորությունը: 

    Ստորագրված պայմանագրի համաձայն՝ Հայ-Ռուսական համալսարանի թիմը լուծելու է էլեկտրոնային համակարգերի նախագծման օպտիմալացման խնդիրներ։ Էլեկտրոնային համակարգերի նախագծումն իր մեջ ներառում է ծրագրային միջոցների ամբողջություն, որոնց նպատակն է հեշտացնել էլեկտրոնային սարքերի նախագծումը և միկրոսխեմաների ստեղծումը: 

    Նշենք, որ «Siemens»-ը միջազգային տեխնոլոգիական կոնցեռն է, որն աշխատում է ավտոմատացման և թվայնացման ոլորտներում` արդյունաբերական, ՏՀՏ ենթակառուցվածքների և էներգետիկ բաշխման ճյուղերի համար: