research
  • 18 Նոյ
  • 2026

ՌՀՀ ներկայացուցիչները մասնակցել են SPBPU IDE-2026 համաժողովին

    ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային գիտաժողովին ևս մեկ քայլ է ՍՊՊՀ-ի հետ ակադեմիական համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ 

    Ռուս-Հայկական համալսարանի տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի առաջատար գիտաշխատողները, երիտասարդ գիտնականներն ու ուսանողները մասնակցել են թվային տնտեսության նորարարություններին նվիրված VIII միջազգային գիտաժողովին՝ SPBPU IDE-2026, որն անցկացվել է Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանում նոյեմբերի 13–14։ Գիտաժողովի լիագումար նիստում զեկուցմամբ հանդես է եկել ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարիամ Ոսկանյանը՝ ներկայացնելով արհեստական բանականության ազդեցությունը մարդկային կապիտալի որակի և զարգացման վրա։ 

    Գիտաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև ՌՀՀ-ի և ՍՊՊՀ-ի Արդյունաբերական կառավարման, տնտեսագիտության և առևտրի ինստիտուտի Բարձրագույն ճարտարագիտական-տնտեսագիտական դպրոցի համատեղ կլոր սեղանը՝ «Մարդկային կապիտալի զարգացումը՝ որպես տնտեսական աճի և զարգացման հիմնարար գործոն» թեմայով։ Ամբիոնի ավագ դասախոսներ Իվետա Ստեփանյանն ու Ռամելա Սիմոնյանը ներկայացրել են հետազոտություն՝ Հայաստանի բնակչության տնտեսական խոցելիության նվազեցման գործում մարդկային կապիտալի դերի վերաբերյալ։ Ասպիրանտ Մարիա Աբազյանը և չորրորդ կուրսի ուսանողուհի Աննա Ափոյանը հանդես են եկել զեկուցմամբ՝ անդրադառնալով թվային տնտեսության պայմաններում մարդկային կապիտալի ազդեցությանը Հայաստանի արտահանման կառուցվածքի վերափոխման վրա։

    ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային գիտաժողովին ևս մեկ քայլ է ՍՊՊՀ-ի հետ ակադեմիական համագործակցության ամրապնդման, գիտական կապերի զարգացման և հետազոտական փորձի փոխանակման ուղղությամբ։