- 15 Փետ
- 2024
Հայ-Ռուսական համալսարանը ընդլայնում է համագործակցությունը Ուրալի դաշնային համալսարանի հետ
ՈւԴՀ-ի պատվիրակությունն այցելել է ՀՌՀ՝ քննարկելու կրթական և գիտական ոլորտում համագործակցության նոր ուղիները։
Ուրալի դաշնային համալսարանի պատվիրակությունը փետրվարի 14-ին այցելեց Հայ-Ռուսական համալսարան՝ կրթական և գիտական ոլորտում համագործակցության նոր ուղիները, գիտամեթոդական կապերի ամրապնդումը, համատեղ իրականացվող նախագծերի մշակումը քննարկելու նպատակով։
ՀՌՀ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսը նշեց, որ ՀՌՀ-ն և ՈւԴՀ-ն ներկայումս ունեն երեք հիմնական համագործակցության համաձայնագիր.
«ՈւԴՀ -ն Ռուսաստանի ամենահեղինակավոր համալսարաններից է, նման համալսարանի հետ համագործակցությունը օգուտ կբերի բոլորին: Խոսեցինք միջոցառումների անցկացման մասին, որոնք կձևավորեն մեր համագործակցության վեկտորները։ Եվ խոսքը ոչ միայն ակադեմիական շարժունակության մասին է, այլ նաև համատեղ հետազոտությունների, ծրագրերի, կրկնակի դիպլոմների և այլն», - կիսվեց պրոռեկտորը։
Իր հերթին, ՈւԴՀ-ի միջազգային գործունեության հարցերով խորհրդական Ալեքսանդր Բուրնասովն ընդգծեց, որ պատվիրակությունը եկել է ներկայացնելու Ուրալի հումանիտար ինստիտուտի շահերը. «Հուսով եմ, որ այս հանդիպումը մեզ թույլ կտա կազմել ճանապարհային քարտեզ, ընդլայնել համագործակցությունը և շարժունակության ծրագրերի հնարավորությունները մեր համալսարանների միջև»:
Նշենք, որ Ուրալի դաշնային համալսարանը Ռուսաստանի առաջատար բուհերից է, որը գտնվում է Եկատերինբուրգում։ ՈւԴՀ-ն համաշխարհային մակարդակի կամպուսների ստեղծման նախագծի մասնակից է՝ «Գիտություն և համալսարաններ» ազգային նախագծի մաս, որն իրականացվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության կողմից:
Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
("Լրագրություն", 3 կուրս)