research
  • 06 Օգո
  • 2026

ՌՀՀ-ն ներկայացրեց Հայաստանը ՌՊՀՀ-ի «Ամառային ինստիտուտ» միջազգային ծրագրում

    Ծրագրին մասնակցել է 25 ներկայացուցիչ 12 երկրից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Ինդոնեզիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Հնդկաստանից և Չինաստանից։

    Ռուս-Հայկական համալսարանի գիտության գծով պրոռեկտորի քարտուղար-ռեֆերենտ Մարիամ Ալխազյանը և «Քաղաքականության պատմություն և տեսություն» մասնագիտության ասպիրանտ Գայանե Եշիլբաշյանը մասնակցել են ՌԴ Պետական հումանիտար համալսարանի (ՌՊՀՀ) «Ամառային ինստիտուտ» միջազգային ծրագրին, որն անցկացվել է հուլիսի 19-ից օգոստոսի 2-ը՝ ՌՊՀՀ-ում և գործընկեր բուհերում։ Այս տարվա ծրագիրը նվիրված էր «Պատմական գործընթացները եվրասիական տարածքում. մեթոդաբանություն և ուսումնասիրման նոր մոտեցումներ» թեմային։

    Ծրագրին մասնակցել է 25 ներկայացուցիչ 12 երկրից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Ինդոնեզիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Հնդկաստանից և Չինաստանից։ Այն համախմբել էր համալսարանների, գիտական և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով զարգացնել ակադեմիական երկխոսությունը, համատեղ հետազոտությունները և հումանիտար համագործակցությունը եվրասիական տարածքում։

    Երկու շաբաթվա ընթացքում մասնակիցներն աշխատել են Ռուսաստանի առաջատար հումանիտար գիտությունների մասնագետների հետ, մասնակցել դասախոսությունների, սեմինարների, վարպետության դասերի, նախագծային աշխատաժողովների և գործնական պարապմունքների։ Ծրագրի առանցքային բաղադրիչներից էր համատեղ նախագծերի մշակումը, որի շրջանակում մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների գիտական դպրոցներն ու հետազոտական ավանդույթները՝ որպես Եվրասիայի միասնական հումանիտար տարածքի մաս։

    Ծրագրի շրջանակում կազմակերպվել են նաև մասնագիտական ստաժավորումներ և թեմատիկ դասընթացներ գործընկեր համալսարաններում՝ Տուլայի Տոլստոյի անվան պետական մանկավարժական համալսարանում, Պետական ակադեմիական հումանիտար գիտությունների համալսարանում և Տվերի պետական համալսարանում։ Բացի ակադեմիական բաղադրիչից, մասնակիցների համար կազմակերպվել էր մշակութային հարուստ ծրագիր՝ շրջայցերով Մոսկվայում, Տուլայում և Տվերում, ինչպես նաև այցելություններով ՌՊՀՀ-ի կրթական և թանգարանային տարածքներ, Տրետյակովյան պատկերասրահ և Տվերի կայսերական ճանապարհային պալատ։

    Ծրագրի ավարտին մասնակիցները ներկայացրել են իրենց հետազոտական և նախագծային աշխատանքները, ստացել ՌՊՀՀ-ի որակավորման բարձրացման վկայականներ և գործընկեր համալսարաններում ստաժավորում անցնելու հավաստագրեր։

    ՌՀՀ ներկայացուցիչների մասնակցությունը «Ամառային ինստիտուտ» ծրագրին կարևոր քայլ էր համալսարանի միջազգային ակադեմիական կապերի ընդլայնման, նոր մասնագիտական համագործակցությունների ձևավորման և հումանիտար ոլորտում միջազգային գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

    Նշենք, որ նախագիծն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության և «Սոցիոկենտրոն» դաշնային պետական ինքնավար գիտական հիմնարկի նախաձեռնությամբ և աջակցությամբ։