- 15 Հոկ
- 2026
ՌՀՀ-ում մեկնարկել է «Ռուս գրականությունը փոփոխվող աշխարհում» միջազգային գիտաժողովը
Երկու օրվա ընթացքում մասնակիցները կներկայացնեն ավելի քան 50 զեկուցում՝ քննարկելով գեղարվեստական տեքստի պոետիկայի և մեկնաբանության, մշակութային հիշողության, գեղարվեստական թարգմանության և այլն:
«Ռուս գրականությունը փոփոխվող աշխարհում» ամենամյա միջազգային գիտաժողովը մեկնարկել է Ռուս-Հայկական համալսարանում հոկտեմբերի 15-ին ։
Գիտաժողովը միավորել է Հայաստանից, Ռուսաստանից, Չինաստանից և ԱՊՀ մի շարք երկրներից ժամանած հետազոտողների, դասախոսների և երիտասարդ գիտնականների։ Երկու օրվա ընթացքում մասնակիցները կներկայացնեն ավելի քան 50 զեկուցում՝ քննարկելով գեղարվեստական տեքստի պոետիկայի և մեկնաբանության, մշակութային հիշողության, գեղարվեստական թարգմանության և միջմշակութային կապերի արդիական հարցերը, ինչպես նաև ժամանակակից գրական գործընթացի միտումները։
Գիտաժողովը մեկնարկել է լիագումար նիստով, որի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են ռուսական սփյուռքի պոեզիայում մշակութային ինքնության և հիշողության հարցերին, ժամանակակից ռուս գրականության արխիվային ուղղվածությանը, ինչպես նաև հայկական գրական հեքիաթների թարգմանության առանձնահատկություններին և թարգմանության ընթացքում կերպարների գենդերային պատկանելության որոշման խնդրին։
Գիտաժողովի ծրագրում, բացի թեմատիկ նիստերից, ներառված են «Պատմամշակութային համատեքստի իմաստաբանությունը գրական ստեղծագործության մեջ» խորագրով կլոր սեղան-քննարկումը և «Դմիտրի Սերգեևիչ Լիխաչով. հայկական գրառումներ» խորագրով հոբելյանական անդրադարձը։
Զեկուցումների թեմատիկան ընդգրկում է հարցերի լայն շրջանակ՝ ռուս դասական գրականությունից մինչև ժամանակակից արձակ և պոեզիա, ռուս գրականության հայերեն թարգմանություններից մինչև ռուս-չինական գրական կապեր։ Մասնակիցները կանդրադառնան նաև գեղարվեստական կերպարի առանձնահատկություններին, մշակութային հիշողության փոխակերպմանը, գրական ստեղծագործությունների պատմամշակութային համատեքստին և գրականության ու արվեստի այլ տեսակների փոխազդեցությանը։
«Ռուս գրականությունը փոփոխվող աշխարհում» միջազգային գիտաժողովը մասնագիտական երկխոսության և հետազոտական փորձի փոխանակման հարթակ է՝ նպաստելով միջազգային գիտական համագործակցության զարգացմանն ու փոփոխվող աշխարհի համատեքստում ռուս գրականության վերաիմաստավորմանը։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել է ՌՀՀ-ի Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի Ռուս և համաշխարհային գրականության ու մշակույթի ամբիոնը։ Գիտաժողովի ավարտին ուսանողների, դասախոսների և հյուրերի մի խումբ կմասնակցի նաև արտագնա Ցվետաևյան խարույկին՝ ռուս գրականությանն ու մշակույթին առնչվող ՌՀՀ-ի ևս մեկ ավանդույթի։







