research
  • 09 Սեպ
  • 2026

ՌՀՀ ներկայացուցիչներն ընտրվել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ

    Շնորհավորում ենք Հարություն Ավետիսյանին, Գառնիկ Ասատրյանին, Դավիթ Հայրապետյանին և Արսեն Առաքելյանին՝ ՀՀ ԳԱԱ անդամներ ընտրվելու կապակցությամբ։ 

    Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նոր անդամների ընտրության արդյունքներով Ռուս-Հայկական համալսարանի ռազմավարական գործընկեր, ՌԴ ԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Ավետիսյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։
     
    Ռուս-Հայկական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը («Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բաժանմունք), ՌՀՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Դավիթ Հայրապետյանը («Ֆիզիկա և հարակից գիտություններ» բաժանմունք) և ՌՀՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանը («Կենսաբանական և հարակից գիտություններ» բաժանմունք) ընտրվել են ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամներ։
     
    ՌՀՀ ակադեմիական համայնքի ներկայացուցիչների՝ ՀՀ ԳԱԱ կազմում ընտրվելը նրանց գիտական, կրթական և հետազոտական գործունեության, ինչպես նաև մասնագիտական նշանակալի ձեռքբերումների բարձր գնահատականն է։
     
    Նշենք, որ Գառնիկ Ասատրյանի և Դավիթ Հայրապետյանի թեկնածությունները առաջադրվել են Ռուս-Հայկական համալսարանի կողմից։
     
    Շնորհավորում ենք Հարություն Ավետիսյանին, Գառնիկ Ասատրյանին, Դավիթ Հայրապետյանին և Արսեն Առաքելյանին՝ ՀՀ ԳԱԱ անդամներ ընտրվելու կապակցությամբ և մաղթում նոր գիտական նվաճումներ, արդյունավետ աշխատանք և հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ։