research
  • 12 Օգո
  • 2023

Վախճանվել է ՀՌՀ Ավագների խորհրդի անդամ Արտավազդ Մելկիկյանը

    Հայ-Ռուսական համալսարանն իր խորին ցավակցություններն է հայտնում Արտավազդ Մելկիկյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։ 

    Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ վախճանվել է Հայ-Ռուսական համալսարանի կայացման և զարգացման գործում ՄԵԾ ավանդ և ներդրում ունեցող անձնավորություն, որն իրավամբ համարվում է համալսարանի հենասյուներից մեկը, ՀՌՀ-ի նախկին պրոռեկտոր (1999-2012թթ․), ՀՌՀ-ի գործունեության ապահովման դեպարտամենտի ղեկավար (2012-2017թթ․), ՀՌՀ-ի ռեկտորի նախկին գլխավոր խորհրդական (2017-2020թթ․), ՀՌՀ-ի ռեկտորի տնտեսական և կարգապահական հարցերով նախկին խորհրդական (2020թ․-2023թ․ հունիս) և ընթացիկ տարվա հունիսին ստեղծված ՀՌՀ-ի Ավագների խորհրդի անդամ Արտավազդ Մելկիկյանը։ 

    Հայ-Ռուսական համալսարանն իր խորին ցավակցություններն է հայտնում Արտավազդ Մելկիկյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։ 
     
    Այդպիսի մարդկանց կյանքից հեռանալուց հետո ասում են` ԴԱՐԱՇՐՋԱՆ Է ԱՎԱՐՏՎԵԼ...

    Արտավազդ Գագիկի Մելկիկյանը ծնվել է 1940թ. Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան (Շուլավերի) ավանում՝ մանկավարժի ընտանիքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, իսկ 1960-1967թթ.՝ Երևանի պետական համալսարանը՝ տնտեսագետի որակավորմամբ: 

    Նրա արգասաբեր աշխատանքային կենսագրությունը սկիզբ է առել շատ վաղ տարիքից: Դպրոցն ավարտելուց հետո նա որպես բանվոր աշխատանքի է անցել շինարարական կազմակերպություններից մեկում։ Բուհում ուսանելու տարիներին՝ 1964թ․-ից սկսած, ակտիվ է եղել կոմերիտական կառույցներում՝ հասնելով ընդհուպ մինչև ՀԼԿԵՄ Կենտկոմի կազմակերպական բաժնի վարիչի խիստ պատասխանատու պաշտոնին: Նրա նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ Հայաստանի երկրորդ հանրապետության երիտասարդության կյանքում նոր թափ է ստանում մշակութային, սպորտային շարժումը, ընդլայնվում են կապերն այլ երկրների երիտասարդական կազմակերպությունների հետ:

    Նշանակալի հաջողություններ գրանցելով իրեն վստահված աշխատանքում՝ 1979թ․-ից ՀԽՍՀ ղեկավարությունը նրան նշանակում է ՀԿԿ Նաիրիի շրջկոմի քարտուղար: Ընդամենը մի քանի տարում դրսևորելով բարձր կազմակերպչական ընդունակություններ՝ ընտրվում է Աշտարակի շրջկոմի սկզբում երկրորդ, իսկ կարճ ժամանակ անց՝ առաջին քարտուղար: Նրա հմուտ ղեկավարությամբ Աշտարակում նոր թափ են ստանում արդյունաբերական ու գյուղատնտեսական աշխատանքները: Շրջանի ակնառու հաջողությունները գնահատվում են երկրի փոխանցիկ դրոշներով և պատվոգրերով: Նրա ղեկավարությամբ Աշտարակի շրջանն իր ներդրումն է ունեցել նաև Արցախյան հերոսամարտին՝ զենք-զինամթերք, հագուստ, սննդամթերք, վառելանյութ մատակարարելով ռազմաճակատին:

    Հայաստանի երրորդ հանրապետության ձևավորումից հետո Արտավազդ Մելկիկյանը շատ-շատերի պես աշխատանքի է անցնում այլ ոլորտում՝ ընտրվելով մշակութային և արտադրատպագրական կառույցի նախագահ և տնօրեն՝ հիմնադրելով նաև շաբաթաթերթ: 

    Իսկ 1999թ.-ից՝ Հայ-Ռուսական համալսարանի առաջին ռեկտոր Լևոն Մկրտչյանի օրոք, աշխատանքի է անցնում Հայ-Ռուսական համալսարանում: Մեր համալսարանի կայացման այդ դժվարին փուլում նրան վստահվում է կազմակերպչա-վարչատնտեսական և մշակութային հարցերով պրոռեկտորի պատասխանատու աշխատանքը, որը նա պատվով և մեծ արդյունավետությամբ կատարում է երկար տարիների ընթացքում: 

    Նրա կազմակերպչական կարողությունները, ուսանելի և հարուստ փորձը, մեծ շրջապատը օգնում են նոր որակ հաղորդել իր ղեկավարած ոլորտին, և մի քանի տարում համալսարանն արդեն ապահովված էր անխաթար ջեռուցմամբ, խմելու և ոռոգման ջրով, անհրաժեշտ գույքով և հանդերձանքով: Բոլորովին նոր, գեղեցիկ և խնամված տեսք են ստանում համալսարանի այգին, շրջակայքը, բուն համալսարանի ներքին տեսքը և ՀՌՀ-ի Մշակույթի տունը:

    Նա միշտ հարգված և սիրված է եղել համալսարանի անձնակազմի և ուսանողության կողմից:

    Իր աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատվոգրով և մեդալով, ՀՀ նախագահի կողմից՝ «Աշխատանքային վաստակի համար» մեդալով (2017թ․), ՀՌՀ Ոսկե մեդալով (2010թ․), ՀՌՀ Պատվո շքանշանով (2022թ․)։