- 17 Սեպ
- 2026
Հայկական համալսարանների ուսանողները մասնակցեցին ՌՀՀ օրվան նվիրված մարզական մրցումներին
Բուհում անցկացվել են մարզաժամանցային միջոցառումներ՝ պարանի ձգում և բազկամարտ։
Ռուս-Հայկական համալսարանի օրվա շրջանակում սեպտեմբերի 15-ին բուհում անցկացվել են մարզաժամանցային միջոցառումներ՝ պարանի ձգում և բազկամարտ։
Լիանա Ալավերդյանի խոսքով՝ համալսարանական միջոցառումներին մասնակցությունը ուսանողներին հնարավորություն է տալիս ոչ միայն ակտիվորեն ներգրավվել համալսարանական կյանքում, այլև բացահայտել ու ներկայացնել իրենց տաղանդներն ու կարողությունները։
«Շատ ուրախալի է, որ համալսարանը մեզ նման հնարավորություններ է տալիս։ Բացի հիմնական դասերից, սիրով մասնակցում ենք տարբեր միջոցառումների։ Դրանք լավ հնարավորություն են՝ բացահայտելու մեր տաղանդները, նոր փորձ ձեռք բերելու և ինքնադրսևորվելու», - կիսվել է նա:
Պարանի ձգման թիմային մրցույթում I տեղը զբաղեցրել է ՌՀՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի թիմը։ II տեղում Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի թիմն է, իսկ III տեղում՝ Իրավունքի ինստիտուտի թիմը։
Ինչպես նշել է ՌՀՀ Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, մ.գ.դ. Արմեն Գրիգորյանը, պարանի ձգման մրցույթը ուսանողների շրջանում մեծ արձագանք է գտնում։
«Հաշվի առնելով մեր համալսարանի ուսանողների ակտիվ ներգրավվածությունը՝ պարանի ձգման մրցույթն անցնում է բավականին աշխույժ մթնոլորտում։ Արդեն մի քանի տարի է՝ կազմակերպում ենք պարանի ձգման և ձեռքի ուժի առաջնություններ, որոնք հաջողությամբ են անցկացվում և մեծ հետաքրքրություն են առաջացնում մասնակիցների շրջանում։ Մրցաձևերի ընտրությունը կատարել ենք ուսանողների շրջանում անցկացված ոչ պաշտոնական հարցման միջոցով՝ պարզելու, թե որ մարզաձևերն են նրանք ցանկանում տեսնել համալսարանական միջոցառումների ընթացքում», – նշել է Արմեն Գրիգորյանը։
Մրցումներն անցել են ակտիվ և մրցակցային մթնոլորտում՝ համախմբելով համալսարանի տարբեր ինստիտուտների ուսանողներին և ձևավորելով մարզական ու թիմային ոգի։







