- 05 Մար
- 2026
Ռուս-հայկական համալսարանում քննարկել են 2026–2030 թթ. զարգացման ռազմավարությունը
Նիստին մասնակցել են ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը։
Ռուս-հայկական համալսարանում կայացել է Գիտական խորհրդի նիստ, որը նվիրված էր բուհի 2026–2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի քննարկմանը։ Նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը։
ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը ողջունել է հյուրերին և տեղեկացրել, որ հանդիպման ընթացքում քննարկվել է համալսարանի կանոնադրությունը, որը համաձայնեցվել է կողմերի միջև՝ գործող միջպետական համաձայնագրի շրջանակում։
Ռեկտորի խոսքով՝ փաստաթղթի բոլոր առանցքային դրույթների շուրջ հաջողվել է հասնել փոխըմբռնման։ Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան նախարարությունների ներկայացուցիչներին՝ կառուցողական երկխոսության և համալսարանի գործունեության նորացված նորմատիվ-իրավական հիմքի ձևավորման ուղղությամբ համատեղ աշխատանքի համար։
ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին ընդգծել է, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում իրականացվել է լուրջ և հետևողական աշխատանք՝ համալսարանի հետագա զարգացման համար կայուն նորմատիվ և ֆինանսական հարթակ ձևավորելու նպատակով։
«Մենք համաձայնության ենք եկել կանոնադրության բոլոր կետերի շուրջ։ Այն ստորագրելուց հետո համալսարանի նորմատիվ բազայի արդիականացման աշխատանքը գրեթե ավարտված կլինի։ Մեզ կմնա հաստատել Կառավարման խորհրդի մասին կանոնակարգը և ձևավորել այն։ Այդ հարցերի շուրջ ևս ունենք լիակատար փոխըմբռնում», — նշել է նա։
Նրա խոսքով՝ ՌՀՀ-ն երկու երկրների համար կարևոր ռազմավարական ակտիվ է և ունի զգալի գիտական ու կրթական ներուժ։ Ռուսական կողմը մտադիր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել համալսարանական գիտության զարգացմանը։
Փոխնախարարի գնահատմամբ՝ ժամանակակից համալսարանները դառնում են նորարարությունների և տեխնոլոգիական լուծումների մշակման կենտրոններ, ինչպես նաև հումանիտար գիտելիքի զարգացման հարթակներ։ Այդ կապակցությամբ զարգացման ծրագրում նախատեսվում է առանձնացնել գիտական հետազոտություններին նվիրված առանձին բաժին՝ Ռուսաստանի կողմից տրամադրվող առանձին ֆինանսավորմամբ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական պատվիրակությանը կանոնադրության նախագծի քննարկման կառուցողական ձևաչափի համար և ընդգծել համալսարանի զարգացման գործում երկու պետությունների համատեղ աշխատանքի կարևորությունը։
Նա նշել է, որ վերջին տարիներին իրականացվել է լայնածավալ աշխատանք՝ համալսարանի ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ երկու երկրների համապատասխան նախարարությունների միջև համաձայնագրերի ստորագրման և գործընկերային մեխանիզմների զարգացման միջոցով։ Նրա խոսքով՝ հետագա քայլերը միտված կլինեն բուհի կայուն զարգացման համար նոր հնարավորությունների և հարթակների ձևավորմանը։
Բացի այդ, ՌՀՀ ուսումանական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինա Խաչատրյանը ներկայացրել է համալսարանի 2026–2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի հիմնական դրույթները։ Իր ելույթում նա առանձնացրել է բուհի զարգացման առաջնահերթ ուղղությունները՝ գիտական հետազոտությունների ընդլայնում, միջազգային ակադեմիական համագործակցության ամրապնդում, նորարարական ենթակառուցվածքների զարգացում և կրթական ծրագրերի որակի բարձրացում։
Նշենք նաև, որ նիստի շրջանակում կայացել է ՌՀՀ Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն Կարեն Մարգարյանի (հայտնի նաև որպես Մարկ Արեն) ռուս ժողովրդի մկրտությանը նվիրված գրքի նախնական տպագրված օրինակի շնորհանդես։
Հանդիպման ընթացքում ՌՀՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկուն է հանձնել արևելագիտության վերաբերյալ հրատարակությունների շարք, որն ընդգրկում է աշխատանքներ XIX դարի վերջից մինչև մեր օրերի հետազոտությունները։ Այդ թվում նվիրվել է «Կառավարման տեսություն և պրակտիկա» դասագիրքը՝ հրատարակված ՌՀՀ կառավարման և բիզնեսի ամբիոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արզիկ Սուվարյանի ընդհանուր խմբագրությամբ։







