research
  • 18 Նոյ
  • 2026

ՌՀՀ ուսանողը հանդես է եկել զեկուցմամբ «Պատժից դեպի վերասոցիալականացում․ քրեակատարողական ծառայության արդիականացումը» խորագրով միջոցառմանը

    Միջոցառումը նվիրված էր քրեակատարողական ծառայության հիմնադրման 107-րդ տարեդարձին։

    Ռուս-Հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի IV կուրսի ուսանող Ալբերտ Բարսեղյանը նոյեմբերի 13-ին մասնակցել է «Պատժից դեպի վերասոցիալականացում․ քրեակատարողական ծառայության արդիականացումը» խորագրով միջոցառմանը, որը նվիրված էր քրեակատարողական ծառայության հիմնադրման 107-րդ տարեդարձին։
     
    Միջոցառման շրջանակում Ալբերտ Բարսեղյանը հանդես է եկել «Ազատազրկման վայրերում դատապարտյալների իրավական կարգավիճակի հիմնախնդիրները» թեմայով զեկուցմամբ։ Իր ելույթում նա անդրադարձել է ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց իրավական վիճակին առնչվող արդիական հարցերին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով քրեակատարողական հիմնարկներում նրանց իրավունքների և օրինական շահերի ապահովմանն ու պաշտպանությանը։

    Բացի այդ, ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի ուսանողները մասնակցել են քրեակատարողական ծառայության կազմակերպած աշխատանքի տոնավաճառին։ Միջոցառումը ապագա իրավաբաններին հնարավորություն է ընձեռել ծանոթանալու մասնագիտական հեռանկարներին, ծառայության գործունեության հիմնական ուղղություններին, ինչպես նաև աշխատանքի տեղավորման հնարավորություններին։

    Միջոցառման պատվավոր հյուրերն էին ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանը և ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի վարիչ Նաիրա Զոհրաբյանը։