research
  • 19 Օգո
  • 2026

ՌՀՀ-ն կազմակերպել է «Ձևափոխվող ինքնությունները Հարավային Կովկասում» ամառային դպրոցը Ծաղկաձորում

    Դպրոցի ծրագիրը նախատեսում է Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից առաջատար մասնագետների դասախոսություններ, թեմատիկ սեմինարներ, խմբային քննարկումներ և նախագծային աշխատանք:

    «Ձևափոխվող ինքնությունները Հարավային Կովկասում» միջազգային երիտասարդական ամառային դպրոցը, որը կազմակերպել է Ռուս-Հայկական համալսարանի Կ. Միրումյանի անվան քաղաքագիտության ամբիոնը՝ «Ձևափոխվող ինքնությունները որպես քաղաքագիտական հետազոտության հիմնախնդիր (Հարավային Կովկասի պետությունների օրինակով)» գիտական խմբի հետ համատեղ, օգոստոսի 17-ին մեկնարկեց Ծաղկաձորում:

    Դպրոցի ծրագիրը նախատեսում է Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից առաջատար մասնագետների դասախոսություններ, թեմատիկ սեմինարներ, խմբային քննարկումներ և նախագծային աշխատանք՝ նվիրված ինքնության հետազոտության ժամանակակից մոտեցումներին, քաղաքական և մշակութային փոխակերպումներին, հիշողության հարցերին, ինչպես նաև արտաքին քաղաքական գործոնների ազդեցությանը Հարավային Կովկասի հասարակությունների զարգացման վրա: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում միջգիտակարգային մոտեցմանը, որը միավորում է քաղաքագիտությունը, սոցիոլոգիան, պատմությունը, միջազգային հարաբերությունները և մշակութաբանությունը:

    Դպրոցին մասնակցում են հայկական, ռուսական և արտասահմանյան տարբեր բուհերի ներկայացուցիչներ՝ Ռուս-Հայկական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, Հայկական պետական մանկավարժական համալսարանից, Հայաստանի ֆրանսիական համալսարանից, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտից (Մոսկվա, Ռուսաստան), Հարավային դաշնային համալսարանից (Դոնի-Ռոստով, Ռուսաստան), Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանից (Ստավրոպոլ, Ռուսաստան), Ուզբեկստանի Հանրապետության համաշխարհային տնտեսության և դիվանագիտության համալսարանից (Տաշքենդ, Ուզբեկստան), Շանհայի արտասահմանյան լեզուների համալսարանից (Շանհայ, Չինաստան) և Կորվինուսի համալսարանից (Բուդապեշտ, Հունգարիա):

    Նախագծի հիմնական գաղափարն է ստեղծել ակադեմիական հարթակ՝ Հարավային Կովկասի պետություններում ինքնությունների փոխակերպման գործընթացների համալիր ուսումնասիրության համար՝ ժամանակակից քաղաքական, սոցիալական և մշակութային փոփոխությունների պայմաններում: «Ձևափոխվող ինքնությունները Հարավային Կովկասում» ամառային դպրոցն ուղղված է քաղաքական ինքնության, ազգակերտման, տարածաշրջանային անվտանգության և հասարակական փոխակերպումների հարցերով հետաքրքրված հետազոտողների, ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների միջև գիտական երկխոսության զարգացմանը:

    Դպրոցի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով մասնակիցներին են դիմել ՌՀՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը և ամբիոնի դոցենտ Նորայր Դունամալյանը: Բանախոսներն անցկացրին ներածական դասախոսություն-քննարկում «Ինքնության փոխակերպումների հետազոտության նշանակությունը՝ գիտական մոտեցումներ և պրակտիկա» թեմայով: Հանդիպման ընթացքում փորձագետներն ու մասնակիցները քննարկեցին ինքնության ուսումնասիրության արդի տեսական մոտեցումները, ինչպես նաև դրանց գործնական նշանակությունը սոցիոմշակութային և քաղաքական ոլորտի համար: 

    «Նախագծի արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ինքնությունների ձևավորման և փոփոխման գործընթացներն էական ազդեցություն են ունենում տարածաշրջանի պետությունների ներքին և արտաքին քաղաքականության, միջէթնիկական հարաբերությունների, հասարակական համախմբման և տարածաշրջանային փոխգործակցության զարգացման վրա: Հարավային Կովկասը տարածք է, որտեղ սերտորեն միահյուսվում են պատմական հիշողությունը, մշակութային ժառանգությունը, աշխարհաքաղաքական գործընթացները և ժամանակակից մարտահրավերները, ինչը ինքնության հետազոտությունը դարձնում է հատկապես պահանջված թե՛ գիտական, թե՛ գործնական չափմամբ», - նշեց Հովհաննես Սարգսյանը:

    Դպրոցի մասնակիցները բաժանվեցին թիմերի։ Յուրաքանչյուր թիմի հանձնարարվեց ներկայացնել եզրափակիչ նախագիծ, որը կներառի Հարավային Կովկասում ինքնության փոխակերպման տարբեր կողմերն ու մակարդակները։