- 27 Օգո
- 2026
«Ձևափոխվող ինքնությունները Հարավային Կովկասում» ամառային դպրոցը համախմբեց Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի առաջատար գիտակրթական կենտրոնների փորձագետներին
Ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր, ինչպես նաև գրքեր՝ հաղթող թիմին և ամենաակտիվ մասնակցին:
«Ձևափոխվող ինքնությունները Հարավային Կովկասում» միջազգային ամառային դպրոցը երիտասարդների համար, որը կազմակերպվել է Ռուս-Հայկական համալսարանի Կ. Միրումյանի անվան քաղաքագիտության ամբիոնի կողմից, անցկացվել է Ծաղկաձորում օգոստոսի 17-ից 21-ը:
Միջոցառումը ակադեմիական հարթակ էր տրամադրել տարածաշրջանի սոցիալ-քաղաքական և սոցիոմշակութային գործընթացների միջգիտաճյուղային վերլուծության համար: Դպրոցը համախմբել էր ներկայացուցիչների հայաստանյան, ռուսաստանյան և արտասահմանյան տարբեր բուհերից՝ Ռուս-Հայկական համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանում Ֆրանսիական համալսարան, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (Մոսկվա, Ռուսաստան), Հարավային դաշնային համալսարանից (Դոնի Ռոստով, Ռուսաստան), Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանից (Ստավրոպոլ, Ռուսաստան), Ուզբեկստանի Հանրապետության Համաշխարհային տնտեսագիտության և դիվանագիտության համալսարանից (Տաշկենտ, Ուզբեկստան), Շանհայի օտար լեզուների համալսարանից (Շանհայ, Չինաստան) և Կորվինուսի համալսարանից (Բուդապեշտ, Հունգարիա):
Որպես փորձագետներ հանդես են եկել Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի հեղինակավոր գիտակրթական կենտրոնների ներկայացուցիչները:
ՌՀՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանի և դոցենտ Նորայր Դունամալյանի ներածական դասախոսությունը ներկայացրեց ծրագրի հայեցակարգային շրջանակները՝ ինքնությունը ներկայացնելովոչ թե որպես ստատիկ կատեգորիա, այլ որպես դինամիկ համակարգ, որն արձագանքում է հետխորհրդային փոխակերպումների մարտահրավերներին:
Ժամանակակից գործընթացների պատմական հիմքը մանրամասն ներկայացվեց ՌՀՀ համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի վարիչ Բենիամին Մայիլյանի դասախոսության մեջ: Հետազոտողը վերլուծեց «Անդրկովկաս» և «Հարավային Կովկաս» հասկացությունների ծագումնաբանությունը՝ ցույց տալով, թե ինչպես են 18-20-րդ դարերի արտաքին վարչաքաղաքական քարտեզագրությունը և պատմական տեղաշարժերը ձևավորել տարածաշրջանի էթնոժողովրդագրական և սոցիալական կերպարը՝ նախադրյալներ ստեղծելով ժամանակակից հասարակական-քաղաքական դինամիկայի համար:
Փոխակերպման գործընթացների մշակութաբանական և գեղարվեստական կողմը դիտարկեց ՌՀՀ ռուս և համաշխարհային գրականության ու մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը: Ժամանակակից հայ գրականության օրինակով բանախոսը ցույց տվեց, թե ինչպես են 1990-ական թվականների ճգնաժամային գոյաբանական ապրումները և խորհրդային հարացույցի փլուզումն արտացոլվել իմաստային նոր կողմնորոշիչների որոնման մեջ: Գրական առանցքային փոխաբերությունների, ինչպիսին է Փոքր Մհերի կերպարը, ինչպես նաև դասական էկզիստենցիալիզմի արդիականության իմաստավորման միջոցով ցույց տրվեց, թե ինչպես է գեղարվեստական ստեղծագործությունը ծառայում որպես մենթալ տեղաշարժերի հայելի և օգնում հասարակությանը վերաիմաստավորել ազգային ինքնատիպությունը:
Զարգացնելով պատմական հիշողության վերլուծության թեման՝ Նորայր Դունամալյանն իր դասախոսության ընթացքում անդրադարձել է պատմական հիշողության հիմնախնդրին՝ ցույց տալով դրա առանցքային դերը պետականակերտման և մրցակցող ազգային պատումների ձևավորման գործում: Ցույց է տրվել, թե ինչպես են իշխանության ինստիտուտները և կրթական խոսույթը գործիքավորում հավաքական անցյալը պաշտոնական ինքնություն կերտելու համար, ինչը հաճախ հանգեցնում է խորհրդանշական կոնֆլիկտների և բարդացնում միջպետական երկխոսությունը տարածաշրջանում:
Ինքնութենական փոփոխությունների մեխանիզմների հարցը դարձավ պանելային քննարկման առարկա՝ Հովհաննես Սարգսյանի, քաղաքագետ Արչիլ Սիխարուլիձեի և ՌՀՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս Սաթենիկ Խաչատրյանի մասնակցությամբ: Փորձագետները վերլուծեցին նպատակաուղղված պետական քաղաքականության և աշխարհաքաղաքական ցնցումներին ու գլոբալացմանը հասարակության ինքնաբուխ հարմարվողական արձագանքների հարաբերակցությունը՝ հանգելով այն եզրակացության, որ էլիտաների փորձերը՝ «կառուցելու» ինքնության կառավարելի մոդել, անխուսափելիորեն բախվում են բնակչության հիմնարար արժեքային կողմնորոշումների ինքնաբուխ փոխակերպմանը:
Խնդրի աշխարհաքաղաքական չափումն ավելի խորացվեց հաջորդ պանելային քննարկման շրջանակներում, որտեղ Հովհաննես Սարգսյանը, ՄԳԻՄՈ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ախմետ Յարլիկապովը և Նորայր Դունամալյանը գնահատեցին արտաքին ուժային կենտրոնների ազդեցության աստիճանը Հարավային Կովկասի պետությունների արժեքային և արտաքին քաղաքական կողմնորոշումների վրա: Քննարկումը հանգեցրեց այն եզրակացության, որ արտաքին խաղացողների «փափուկ» և «կոշտ» ուժի գործիքներն ակտիվորեն կիրառվում են այլընտրանքային պատումներ ներդնելու համար՝ ազգային ինքնությունը վերածելով աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի:
Կրոնադավանաբանական գործոնին էր նվիրված Ախմետ Յարլիկապովի, Արչիլ Սիխարուլիձեի և Հովհաննես Սարգսյանի մասնակցությամբ քննարկումը, որտեղ մասնակիցները վերլուծեցին կրոնական ինստիտուտների՝ Հայ Առաքելական Եկեղեցու, Վրաց Ուղղափառ Եկեղեցու և իսլամական գործոնի դերի առանձնահատկությունները Ադրբեջանում և Վրաստանում՝ պետական իշխանության լեգիտիմացման և հասարակական համախմբման գործընթացներում՝ ընդգծելով, որ դավանաբանական պատկանելիությունը մնում է ինքնագիտակցության ամենակայուն ցուցիչներից մեկը:
Ամառային դպրոցի եզրափակիչ դասախոսությունը Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի ելույթն էր՝ նվիրված տարածաշրջանի էթնոքաղաքական
կոնֆիգուրացիային: Հետազոտողը ներկայացրել է հիմնարար գործոնների՝ ժողովրդագրական տեղաշարժերի, սահմանների փոխակերպման և արտերկրի սփյուռքների դերի փոխազդեցության մանրամասն վերլուծություն՝ նշելով, որ սփյուռքյան ցանցերն ու ժողովրդագրական ճնշումն ուղղակի ազդեցություն են ունենում իշխանության ինստիտուտների կայունության և տարածաշրջանի պետությունների արտաքին ու ներքին քաղաքականության ձևավորման առանձնահատկությունների վրա:
Ամառային դպրոցի բոլոր օրերի ընթացքում մասնակիցները պատրաստել և ներկայացրել են թիմային առաջադրանքներ՝ Հարավային Կովկասի երկրների արվեստում ինքնության փոխակերպման արտացոլման, հետխորհրդային ինքնության մոդելների համեմատական վերլուծության թեմաներով, ինչպես նաև վերջնական նախագիծ, որտեղ թիմերը ներկայացրել են «Ազգային ինքնության փոխակերպման ապագան Հարավային Կովկասում» թեմայի շրջանակներում առաջիկա 15 տարիների ընթացքում ինքնության զարգացման սցենարներ: Մասնակիցների համար կազմակերպվել են ինտելեկտուալ խաղեր և վիկտորինաներ՝ դպրոցի թեմատիկայով: Ամառային դպրոցի ընթացքում կազմակերպվել է նաև էքսկուրսիա դեպի Սևանա լիճ և Սևանավանք:
Ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր, ինչպես նաև գրքեր՝ հաղթող թիմին և ամառային դպրոցի ամենաակտիվ մասնակցին:
Նախագծի հիմնական գաղափարն էր ստեղծել ակադեմիական հարթակ՝ ժամանակակից քաղաքական, սոցիալական և մշակութային փոփոխությունների պայմաններում Հարավային Կովկասի պետություններում ինքնությունների փոխակերպման գործընթացների համալիր ուսումնասիրության համար: «Ձևափոխվող ինքնություններ Հարավային Կովկասում» ամառային դպրոցն ուղղված էր քաղաքական ինքնության, պետականակերտման, տարածաշրջանային անվտանգության և հասարակական փոխակերպումների հարցերով հետաքրքրված հետազոտողների, ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների միջև գիտական երկխոսության զարգացմանը:
Նշենք, որ ամառային դպրոցը կազմակերպվել է Ռուս-Հայկական համալսարանի կողմից՝ «Ձևափոխվող ինքնությունները որպես քաղաքագիտական հետազոտության հիմնախնդիր (Հարավային Կովկասի պետությունների օրինակով)» 24SSAН-5F032 գիտական նախագծի իրականացման շրջանակներում:







