research
  • 20 Մար
  • 2026

ՌՀՀ-ում ամփոփվել են «Ունիվերսիադա-2026»-ի արդյունքները

    Հայաստանի 22 բուհ միավորած միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ «Ունիվերսիադա-2026»-ի փակման հանդիսավոր արարողությունը տեղի էր ունեցել Ռուս-հայկական համալսարանում։

    Հայաստանի 22 բուհ միավորած միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ «Ունիվերսիադա-2026»-ի փակման հանդիսավոր արարողությունը տեղի էր ունեցել Ռուս-հայկական համալսարանում մարտի 20-ին։

    «Սպորտն ու ինտելեկտուալ խաղերը հրաշալի հնարավորություն են միմյանց ճանաչելու համար, քաղելու դասեր հաղթանակներից ու պարտություններից, հասկանալու՝ ինչպես հաղթահարել սխալներն ու բարդույթները, ինչպես զարգանալ հետագայում՝ ընդ որում՝ միասին, համատեղ։ Այս առումով Ունիվերսիադան երիտասարդների միջև նեթվորքինգի հիանալի ձևաչափ է։ Այսպիսով մենք միասին դառնում ենք հզոր ուժ, որը հնարավորություն կտա հաջողությունների հասնել բոլոր մակարդակներում՝ ազգային, պետական, հասարակական և անձնական»,- նշեց ՌՀՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը՝ ողջունելով հյուրերին և մասնակիցներին։

    Նշենք, որ «Ունիվերսիադա»-ն անցկացվում է ամեն տարի՝ 2014 թվականից ի վեր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ։ Միջոցառման նպատակն է ստեղծել առանձնահատուկ բարեկամական մթնոլորտ, որտեղ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողները հնարավորություն են ստանում ծանոթանալու և շփվելու միմյանց հետ, ինչպես նաև դրսևորելու իրենց մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթներում։

    Ըստ թիմային ընդհանուր հաշվարկի՝ հաղթող է ճանաչվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուս-հայկական համալսարանը, իսկ երրորդ տեղը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Հաղթողները և մրցանակակիրները ստացել են «AmeriaBank»-ի և «ArdshinBank»-ի կողմից տրամադրված խոշոր գումարի հավաստագրեր։

    «Ունիվերսիադա-2026»-ի մասնակիցները մրցել են մարզական (ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, լող, հրաձգություն, պտտաձողի ձգումներ, սեղանի թենիս, հեծանվասպորտ, վազք և շախմատ), մշակութային (պար, թատերական արվեստ, երգեցողություն, սոցիալական հոլովակ և ՈՒՀԱ) և ինտելեկտուալ («Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ։») մրցույթներում։