- 21 Ապր
- 2026
ՌՀՀ ուսանողները այցելել են Հայաստանի Վճռաբեկ դատարան
Լիլիթ Թադևոսյանը ներկայացրել է բարձրագույն դատական ատյանի սահմանադրական առաքելությունն ու նրա դերն օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման գործում։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը ապրիլի 2-ին Վճռաբեկ դատարանում ընդունել է Ռուս-հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի ուսանողներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանը, քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի վարիչ Նաիրա Զոհրաբյանը և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր, ՌՀՀ քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս Ելիզավետա Դանիելյանը:
Լիլիթ Թադևոսյանը ներկայացրել է բարձրագույն դատական ատյանի սահմանադրական առաքելությունն ու նրա դերն օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման գործում։ Նա իր խոսքում անդրադարձել է նաև արդարության՝ որպես անկյունաքարային արժեքի և արդարադատության փոխհարաբերակցությանը, դատական իշխանության դերին՝ արդարության և իրավունքի գերակայության ապահովման, ժողովրդավարական, իրավական պետությունում սոցիալական հավասարակշռության պահպանման ու մարդու իրավունքների պաշտպանության գործում։
Ինչպես նշեց Մարիաննա Քալաշյանը, նման միջոցառումները ուսանողներին բացառիկ հնարավորություն են տալիս անմիջականորեն հաղորդակցվել բարձրագույն դատական ատյանի ներկայացուցիչների հետ, խորացնել իրենց գիտելիքները և առավել ամբողջական պատկերացում կազմել դատարանների գործունեության և իրավաբանի մասնագիտության առանձնահատկությունների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին ՌՀՀ ուսանողներին են հանձնվել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախադեպային որոշումների ժողովածուները։ Նրանք նաև շրջայց են կատարել Վճռաբեկ դատարանի շենքում և հանդիպել Վճռաբեկ դատարանի աշխատակազմի պատասխանատու ներկայացուցիչների հետ։







