- 27 Հու
- 2026
ՌՀՀ շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմները
Այս տարի դիպլոմներ ստացավ 966 շրջանավարտ։
Ամենասպասված և հուզիչ օրերից մեկը՝ «Շրջանավարտ–2026» հանդիսավոր արարողությունը, տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում հուլիսի 27-ին: Այս տարի դիպլոմներ ստացավ 966 շրջանավարտ։
Այս կարևոր ու առանձնահատուկ օրը սկսվեց հարգանքի տուրք մատուցելով։ Ռուս-Հայկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի գլխավորությամբ դասախոսները, հյուրերն ու շրջանավարտները ծաղիկներ խոնարհեցին և հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված մեր համալսարանի ուսանողների և շրջանավարտների հիշատակը։ Մենք հիշում ենք յուրաքանչյուրին, ով իր կյանքը տվեց Հայրենիքի համար։ Նրանց սխրանքը, արիությունն ու լուսավոր հիշատակը հավերժ կմնան մեր սրտերում։ Հիշում ենք և հպարտանում։
Այնուհետև ՌՀՀ այգին վերածվեց այս երեկոյի գլխավոր կենտրոնատեղիի։ Հարյուրավոր ժպտացող դեմքեր, ծփացող պատմուճաններ, բարձր ծիծաղ և ընդհանուր տոնի զգացողություն․ այսպես մեկնարկեց հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը վարեցին հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և շոումեն Արամ Մելիքյանը և ՌՀՀ շրջանավարտ Մանե Մինասյանը։
Շրջանավարտներին շնորհավորեց ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը. «Մեր համալսարանը 29 տարեկան է։ Արդեն հաջորդ տարի մենք կնշենք նրա 30-ամյակը։ Այս ընթացքում ՌՀՀ-ն պատրաստել է 14 101 շրջանավարտ։ Սա բարձրակարգ մասնագետների մեծ համայնք է, որոնց այսօր ճանաչում և գնահատում են գործատուները ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում, այլև դրանց սահմաններից դուրս։
Այսօր մենք ձեզ շնորհավորում ենք ոչ միայն համալսարանն ավարտելու կապակցությամբ։ Այսուհետ մեր համալսարանը պաշտոնապես ստացել է միջպետական կրթական կազմակերպության կարգավիճակ։ Դա հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության աջակցության շնորհիվ։ Այս 29 տարիների ընթացքում, հատկապես վերջին երեք տարում, նրանք մշտապես եղել են մեր կողքին և աջակցել մեր նախաձեռնություններին։
Ես ամեն տարի կրկնում եմ այս միտքը և այսօր ևս ուզում եմ ընդգծել՝ ՌՀՀ շրջանավարտի գլխավոր առանձնահատկությունն
այն է, որ նա պահանջված մասնագետ է։ Մեր տվյալներով՝ համալսարանի շրջանավարտների շրջանում գործազուրկներ չկան։ Մի քանի տարի շարունակ մենք պարբերաբար իրականացնում ենք նման հետազոտություններ և տեսնում ենք, որ, թեև կյանքը տարբեր ճանապարհներով է ընթանում, և ոմանք աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ, բոլորն աշխատում են, ապահովում իրենց կյանքը և վստահ կանգնած են իրենց ոտքերի վրա։
այն է, որ նա պահանջված մասնագետ է։ Մեր տվյալներով՝ համալսարանի շրջանավարտների շրջանում գործազուրկներ չկան։ Մի քանի տարի շարունակ մենք պարբերաբար իրականացնում ենք նման հետազոտություններ և տեսնում ենք, որ, թեև կյանքը տարբեր ճանապարհներով է ընթանում, և ոմանք աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ, բոլորն աշխատում են, ապահովում իրենց կյանքը և վստահ կանգնած են իրենց ոտքերի վրա։
Մենք միշտ ձգտել ենք և շարունակում ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր շրջանավարտները ստանան ոչ միայն խոր մասնագիտական գիտելիքներ, այլև ձևավորվեն որպես քաղաքացիներ և անհատներ՝ հաղորդակցվող, բաց, նոր տեխնոլոգիաներին և ժամանակակից մարտահրավերներին հարմարվող։ Հենց այսպիսին ենք մենք տեսնում Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտին»։
Շրջանավարտներին ջերմ շնորհավորանքներով և բարեմաղթանքներով դիմեցին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Երևանում Ռուսական տան ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան։ Նրանց ներկայությունն ու խոսքերը ևս մեկ անգամ հաստատեցին, որ ՌՀՀ ուսանողների գիտելիքն ու աշխատանքը բարձր են գնահատվում։
Պաշտոնական հատվածից հետո ՌՀՀ այգին վերածվեց բացօթյա մեծ համերգի։ Երեկոյի երաժշտական տրամադրությունն ապահովեցին Kami Friends-ը և Մարինե Մանասյանը։ Կենդանի կատարումներ, սիրված երգեր, անսահման էներգիա և պարեր բաց երկնքի տակ...







