research
  • 06 Նոյ
  • 2026

ՌՀՀ-ում քննարկվել են փոքր բաց տնտեսությունների հեռանկարները համաշխարհային տնտեսության մասնատման պայմաններում

    Քննարկման առանցքում եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ Միխայիլ Գոլովնինի զեկույցը:

    Համաշխարհային տնտեսության մասնատման պայմաններում փոքր բաց տնտեսությունների մարտահրավերներին և հնարավորություններին նվիրված միջազգային կլոր սեղանն անցկացվել է Ռուս-Հայկական համալսարանում նոյեմբերի 5-ին։ Գիտական քննարկումն անցկացվել է ՌՀՀ զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվող հետազոտական նախագծի շրջանակում, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական կարգավորման համակարգի արդիականացմանը։

    Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ՌՀՀ ռեկտոր, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը։ Քննարկումը վարել է ՌՀՀ տնտեսական տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնահարցերի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Իրինա Պետրոսյանը։

    Քննարկման առանցքում եղել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ Միխայիլ Գոլովնինի զեկույցը, որում ներկայացվել է համաշխարհային տնտեսության մասնատման արդի միտումների համակողմանի վերլուծությունը։

    ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի գիտական զեկույցների շարքը նվիրված էր համաշխարհային տնտեսության մասնատման խորացման պայմաններում Հայաստանի տնտեսական քաղաքականության առանձնահատկություններին։ Էդվարդ Սանդոյանի, Իրինա Պետրոսյանի, Զինավարդ Պապյանի և Լևոն Մանուկյանի կազմած հետազոտական խումբը ներկայացրել է երկրի մակրոտնտեսական կայունության և արտաքին ցնցումներին հարմարվելու մեխանիզմների համապարփակ ուսումնասիրություն։

    Կլոր սեղանի ընթացքում մասնակիցները քննարկել են արդիական հարցերի լայն շրջանակ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դրամավարկային քաղաքականության և ֆինանսական սահմանափակումների հիմնախնդիրներին։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի արտաքին առևտրին և տնտեսական անվտանգությանը։ Քննարկման ավարտին ներկայացվել են առաջարկություններ՝ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համաձայնեցման վերաբերյալ։

    Ամփոփելով քննարկումը՝ մասնակիցները կարևորել են մշակված առաջարկությունների գործնական նշանակությունը՝ փոփոխվող աշխարհատնտեսական պայմաններում տարածաշրջանի մակրոֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից։

    Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է Nº 26DP-06ECN «Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական կարգավորման համակարգի արդիականացումը համաշխարհային տնտեսության մասնատման պայմաններում» (ՌՀՀ զարգացման ծրագիր) գիտական նախագծի շրջանակում։