- 12 Հոկ
- 2026
ՌՀՀ-ն «Նեյրոգիտության շաբաթ 2026»-ի համակազմակերպիչներից էր
Միջոցառումը միավորել է ավելի քան 200 մասնակցի՝ դասախոսների, հետազոտողների և ուսանողների:
«Նեյրոգիտության շաբաթ 2026» գիտական միջոցառումը Երևանում անցկացվել է սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը՝ Ռուս-Հայկական համալսարանի հոգեբանության ամբիոնի և մի շարք գործընկեր կառույցների համակազմակերպմամբ։ Միջոցառումը միավորել է ավելի քան 200 մասնակցի՝ դասախոսների, հետազոտողների և ուսանողների՝ նպաստելով նեյրոգիտության ոլորտում գիտելիքների փոխանակմանն ու միջառարկայական համագործակցությանը։ Ծրագրի շրջանակում ներկայացվել են ուսանողների գիտական աշխատանքներ, ինչպես նաև գիտնականների և դասախոսների զեկուցումներ։
«Նեյրոգիտության շաբաթի» եզրափակիչ օրը տեղի է ունեցել ՌՀՀ-ում։ Ողջույնի խոսքով հանդես են եկել համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ասյա Բերբերյանը և Միջազգային նեյրոգիտությունների ակադեմիայի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահրամ Սարգսյանը։
Պրոֆեսոր Բերբերյանը ներկայացրել է «Հոգեբանության և նեյրոգիտության դերը արհեստական բանականության զարգացման գործում» թեմայով զեկուցում՝ անդրադառնալով մարդու ճանաչողական, հուզական և վարքային գործընթացների ուսումնասիրման կարևորությանը։ Նա նաև ներկայացրել է տարածված նեյրոմիֆեր՝ կապված ուղեղի աշխատանքի, ուսուցման ոճերի և Մոցարտի երաժշտության՝ երեխայի ինտելեկտի վրա ենթադրյալ ազդեցության հետ՝ տարբերակելով գիտականորեն հիմնավորված փաստերը տարածված թյուր պատկերացումներից։
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև ցավի ընկալման հոգեբանական առանձնահատկությունները, նեյրոգիտության ժամանակակից ձեռքբերումներն ու ուղեղի և նյարդային համակարգի ուսումնասիրության արդի ուղղությունները։
Միջոցառման ակտիվ մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր։







