research
  • 12 Հոկ
  • 2026

ՌՀՀ-ում մեկնարկել է «Արհեստական բանականությունը և գլոբալ տնտեսության ապագան․ զարգացման միտումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային քննարկման հարթակը

    Միջոցառումը համախմբել է ոլորտի առաջատար փորձագետների, գիտնականների, բուհերի դասախոսների, պետական և իրական հատվածների ներկայացուցիչների:

    «Արհեստական բանականությունը և համաշխարհային տնտեսության ապագան․ զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական քննարկման հարթակը մեկնարկել է Ռուս-Հայկական համալսարանում հոկտեմբերի 12-ին: Միջոցառումը համախմբել է ոլորտի առաջատար փորձագետների, գիտնականների, բուհերի դասախոսների, պետական և իրական հատվածների ներկայացուցիչների՝ քննարկելու արհեստական բանականության ազդեցությունը տնտեսական և ֆինանսական համակարգերի զարգացման, մարդկային կապիտալի և աշխատաշուկայի վերափոխման վրա։
     
    Հարթակի մասնակիցներին ողջունել է ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը՝ ընդգծելով արհեստական բանականության, թվայնացման և տեխնոլոգիական նորարարությունների ազդեցության ուսումնասիրության կարևորությունը ժամանակակից տնտեսական գործընթացների համատեքստում։ Նա անդրադարձել է համաշխարհային քաղաքական և տնտեսական փոփոխությունների ազդեցությանը ազգային տնտեսությունների ու տարածաշրջանային շուկաների վրա, ինչպես նաև պետական կառավարման համակարգում թվային վերափոխման աճող դերին։
     
    Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարիամ Ոսկանյանը։ Նա առանձնացրել է գիտական հանրության ուշադրությանն արժանի առանցքային հարցերը՝ շեշտադրելով արհեստական բանականության արագ զարգացումը և դրա ազդեցությունը տնտեսական գործունեության վրա։ Մասնավորապես, նա բարձրացրել է այն հարցը, թե նոր տեխնոլոգիաները կհանգեցնե՞ն տնտեսական աճի էական արագացման, թե՞ կխորացնեն տեխնոլոգիական կախվածությունը։
     
    Իր հերթին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր, ՌԳԱ Ժողովրդատնտեսական կանխատեսումների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Շիրովն անդրադարձել է թվայնացման և արհեստական բանականության դերի գնահատման հարցում հավասարակշռված մոտեցման կարևորությանը։ Նա նշել է, որ տեխնոլոգիական նորարարություններն ինքնին չեն երաշխավորում մրցունակության բարձրացում՝ առանց զարգացած արդյունաբերական բազայի և կայուն իրական հատվածի։
     
    «Կարևոր է տարբերակել թվային ռոմանտիզմը տնտեսության իրական գործընթացներից։ Այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, ստեղծվում է ոչ թե թվերով, այլ դրա հիմքում ընկած են առաջնային ռեսուրսները, վերամշակումը և արդյունաբերությունը», — ընդգծել է Ալեքսանդր Շիրովը։
     
    Պլենար նիստի առանցքային բանախոսների թվում էին նաև ՀՀ փոխվարչապետի խորհրդական Ավագ Ավանեսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիթ Թավադյանը և «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվության գծով տնօրեն, գործընկեր Տիգրան Ջրբաշյանը։
     
    Պլենար նիստից հետո քննարկումները կշարունակվեն թեմատիկ պանելային նիստերի շրջանակում։ Դրանք կանդրադառնան արհեստական բանականության՝ ապագայի տնտեսության զարգացման հիմնական շարժիչը դառնալու հեռանկարներին, ֆինանսական համակարգերի վրա դրա ազդեցությանը, ժամանակակից տնտեսական գիտության զարգացմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի և աշխատաշուկայի վերափոխմանը։
     
    Նշենք, որ միջոցառումը կազմակերպել է ՌՀՀ տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնը։