event

ՌՀՀ-ում կքննարկվեն արհեստական բանականության և մտավոր սեփականության իրավունքի փոխգործակցության հարցերը

  • 10 Մարտ , 2026
ՌՀՀ իրավունքի ինստիտուտի Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնը ՀՀ մտավոր սեփականության իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ անցկացնում է գիտագործնական քննարկում՝ նվիրված արհեստական բանականության և մտավոր սեփականության իրավունքի փոխգործակցության արդիական թեմային:
 
Քննարկումը կկայանա մարտի 16-ին` ժամը 17:00-ին, ՌՀՀ Կոնֆերանս դահլիճում (հիմնական մասնաշենք, 3-րդ հարկ)։
 
Արհեստական բանականության տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերում հեղինակության, ԱԲ-ի կողմից ստեղծված արդյունքների իրավական պաշտպանունակության, իրավախախտումների համար պատասխանատվության, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայի փոխակերպման հարցերը։
 
Միջոցառման շրջանակում կքննարկվեն տարբեր իրավակարգերի կողմից այս հարցերի կարգավորման վերաբերյալ հիմնական դատական որոշումները և ժամանակակից մոտեցումները։
 
Միջոցառման բանախոսներ.
Անի Դավթյան` ամբիոնի դասախոս, փաստաբան, Մտավոր սեփականության իրավունքի իրավաբանների ասոցիացիայի հիմնադիր։
Իր ելույթում կներկայացնի Մեծ Բրիտանիայի և Շանհայի դատական որոշումների վերլուծություն՝ կապված արհեստական բանականության կիրառման և մտավոր իրավունքների պաշտպանության հետ։
 
Արտյոմ Օսիպյան`  քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարական իրավունքի ամբիոնի ասպիրանտ։
Կներկայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգների պրակտիկան մտավոր սեփականության և արհեստական բանականության ոլորտում, ինչպես նաև ամերիկյան իրավակիրառական հիմնական միտումները։
 
Սանասար Գևորգյան` փաստաբան, Մտավոր սեփականության իրավունքի իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ։
Կներկայացնի Գերմանիայի ժամանակակից մոտեցումները և դատական պրակտիկան՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված արդյունքների իրավական պաշտպանության հարցերում։
 
Միջոցառումը հետաքրքիր կլինի իրավաբանական մասնագիտությունների ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, ինչպես նաև պրակտիկ իրավաբանների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են իրավունքի զարգացմամբ թվային վերափոխման պայմաններում։