research
  • 10 Նոյ
  • 2026

ՌՀՀ թիմը մասնակցել է ՌՈՒԴՆ-ի միջազգային դպրոցին՝ միջազգային մրցույթում հաղթելուց հետո

    Դասախոս-ղեկավարը և ուսանող-բանասերները ներկայացրել են իրենց մշակած «РусскийСобеседник» Telegram բոտը։

    Ռուս-Հայկական համալսարանի Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի Ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սեդա Թունյանը հոկտեմբերի 19-28-ը մասնակցել է Պատրիս Լումումբայի անվան Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանում (ՌՈՒԴՆ) կազմակերպված միջազգային քեյս-չեմպիոնատի հաղթողների և մրցանակակիրների միջազգային դպրոցին։

    Մասնակցության հրավերը Սեդա Թունյանի ղեկավարած թիմը ստացել էր «Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգում հաղթելու շնորհիվ։ Թիմը ներկայացրել էր «РусскийСобеседник» Telegram բոտը՝ որպես ռուսերենը՝ որպես օտար լեզու, A1–B1 մակարդակներում սովորելու ինտերակտիվ գործիք։ Թիմում ընդգրկված էին ՌՀՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիներ Մանե Մուրադյանը, Նանե Ասիլբեկյանը և Թինա Սարգսյանը։

    Միջազգային դպրոցի ընթացքում թիմը ներկայացրել է իր նախագիծը, դրա կրթական հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, փոխանակվել փորձով այլ մասնակիցների հետ և ծանոթացել կրթության մեջ արհեստական բանականության ու թվային տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից մոտեցումներին։ Ծրագրում ընդգրկված էին նաև կրթական նախագծերի մշակման, ներկայացման և էլեկտրոնային դասընթացների բովանդակության ստեղծման գործնական դասընթացներ։
     
    Բացի այդ, թիմի բոլոր անդամներն ավարտել են ՌՈՒԴՆ-ի լրացուցիչ մասնագիտական կրթության կենտրոնի «Կրթության և գիտության նոր տեխնոլոգիաներ. բառը թվայնության մեջ և թվայնությունը՝ բառի մեջ» ծրագիրը։ Սեդա Թունյանն ստացել է որակավորման բարձրացման վկայական, իսկ ուսանողուհիները՝ համապատասխան հավաստագրեր։

    Մասնակցությունը նոր հնարավորություններ է ստեղծել «РусскийСобеседник» նախագծի հետագա զարգացման և դասախոսի ու ուսանողների համատեղ աշխատանքի շարունակման համար։