ՌՀՀ-ում կքննարկեն ուսանողների կարգապահական պատասխանատվության իրավական կարգավորման հիմնահարցերը
Կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է և միաժամանակ հասարակության ու պետության կայուն զարգացման կարևոր նախապայման։ Կրթության ոլորտի արդյունավետ և իրավաչափ կառավարումը պայմանավորում է ինչպես կրթության սահմանադրական իրավունքի պատշաճ ապահովումը, այնպես էլ հանրային կառավարման համակարգի ամրապնդումը։ Այդ համատեքստում կրթության բնագավառի իրավական հիմնախնդիրների գիտագործնական ուսումնասիրությունը առանձնահատուկ արդիականություն ունի Հայաստանի Հանրապետության համար՝ հատկապես ոլորտում իրականացվող բարեփոխումների պայմաններում։
Մարտի 20-ին` ժամը 14:30, Ռուս-Հայկական համալսարանի Մեծ կոնֆերանս դահլիճում (նոր մասնաշենք, 6-րդ հարկ) տեղի կունենա մասնագիտական քննարկում, որը նվիրված է ուսանողների կարգապահական պատասխանատվության իրավական կարգավորման հարցերին։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ոլորտում առկա իրավական կարգավորումները, դրանց կիրառման խնդիրները, ինչպես նաև գիտական վերլուծությունների և միջազգային փորձի հիման վրա առաջարկվող հնարավոր լուծումները։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ուսանողների իրավունքների և պարտականությունների հավասարակշռությանը, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության միջոցների համաչափության սկզբունքին։
Քննարկմանը կմասնակցեն, իրավաբաններ, գիտնականներ, դասախոսներ և ուսանողներ։ Միջոցառումը նպատակ ունի նպաստել կրթության ոլորտի իրավական հիմնախնդիրների շուրջ մասնագիտական երկխոսության զարգացմանը և գիտական համագործակցության ընդլայնմանը։
Միջոցառումը կազմակերպվում է ՌՀՀ Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի կողմից՝ «Կրթության բնագավառի հանրային կառավարման իրավական հիմնախնդիրները ՀՀ-ում» գիտական նախագծի շրջանակում (նախագծի ղեկավար՝ ի.գ.դ., պրոֆեսոր Ա. Ղամբարյան)։ Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ՝ «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների ոլորտում հետազոտություններ – 2024» ծրագրի շրջանակում (ծածկագիր՝ 24SSAH-5E029)։
Քննարկման շրջանակում կներկայացվի նաև նախագծի շրջանակում մշակված «Ուսանողների կարգապահական պատասխանատվության իրավական կարգավորման» հայեցակարգը։








