Նոր մագիստրոսական ծրագիր՝ «Հաշվողական կենսաբանություն»
«Հաշվողական կենսաբանություն» մագիստրատուրան նախատեսված է տվյալնագետների, մաթեմատիկոսների, ծրագրավողների և կենսաբանների համար, ովքեր ցանկանում են լուծել կենսաբանության, գենոմիկայի, բժշկության, դեղամիջոցների մշակմանը և դիզայնին առնչվող խնդիրներ, որոնք գտնվում են մեքենայական ուսուցման, վիճակագրության, մեծ տվյալների վերլուծության և ծրագրավորման խաչմերուկում։
Ուսուցման ընթացքում ուսանողները ձեռք կբերեն տեսական գիտելիքներ և փորձնական հմտություններ վերոնշյալ ոլորտների զարգացման համար արդիական խնդիրների նոր լուծումների համար։
Ծրագրի առանցքային բաղադրիչն է մագիստրոսներին համապարփակ կերպով սովորեցնել մեքենայական և խորը ուսուցման մոտեցումները և կիրառել դրանք գեներում առկա ինֆորմացիայի վերլուծության համար նորմայում և առավել տարածված, այդ թվում՝ քաղցկեղային հիվանդությունների դեպքում, ինչպես նաև կանխատեսել հիվանդությունների զարգացման ռիսկերը, կիրառել անհատականացված բժշկության մոտեցումները և մոդելավորել բարդ կենսաբանական գործընթացներ։