research
  • 17 Ապր
  • 2020

«Գենոմային կենսաինֆորմատիկա առողջության համար»

    Աշխատաժողովին զեկույցներով հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից և Ուկրաինայից:

    Հուլիսի 3-4-ը Երևանում տեղի ունեցավ «Գենոմային կենսաինֆորմատիկա առողջության համար» խորագրով 2-րդ աշխատաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Հայ-Ռուսական համալսարանը և Լայպցիգի համալսարանի կենսաինֆորմատիկայի միջառարկայական կենտրոնը:
     
    Կենսաինֆորմատիկան և գենոմիկան այն բեկումնային ոլորտներն են, որոնք հիմք են հանդիսանում անձնավորված բժշկության, նորարարական ախտորոշիչ մոտեցումների և դեղամիջոցների մշակման համար:  Այս ոլորտները «Հայկական գենոմ նախագծի» մեկնարկի և իրականացման, ինչպես նաև Հայաստանում հիմնարար և կիրառական կենսաբժշկության հետազոտությունների զարգացման հենասյուներից են:
         
    Աշխատաժողովի հիմնական ուղղություններն էին մոլեկուլային կենսաբանությունը, բժշկական և պոպուլյացիոն գենետիկան/գենոմիկան, տվյալագիտությունը, մեքենայական ուսուցումը և մեծ կենսաբանական տվյալների վերլուծությունը: Աշխատաժողովին զեկույցներով հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից և Ուկրաինայից:   
     
    «Գենոմային կենսաինֆորմատիկա առողջության համար» խորագրով 2-րդ աշխատաժողովն անցկացվեց հայ-գերմանական հետազոտական ծրագրերի շրջանակներում՝ Գերմանիայի Կրթության և գիտության նախարարության և ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի աջակցությամբ: