- 17 Ապր
- 2020
ԵՊԼՀ ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ՅԱՆ ՄԵՅԽՈՒԱՆ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՀՌՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուան պարգևատրվել է ՀՌՀ-ի Ոսկե մեդալով:
Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուան պարգևատրվել է ՀՌՀ-ի Ոսկե մեդալով:
Մեդալը հանձնել է ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը՝ ռեկտորատի նիստի ժամանակ:
«Յան Մեյխուան կանգնած է եղել Հայ-Ռուսական համալսարանում չինագիտության կայացման ակունքներում և շարունակում է ակտիվորեն համագործակցել մեր համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի հետ»,- նշել է Դարբինյանը՝ հավելելով, որ ՀՌՀ-ի Ոսկե մեդալը Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրենին շնորհվել է Հայ-Ռուսական համալսարանում չինագիտության կայացման գործում ունեցած մեծ ավանդի, նաև ԵՊԼՀ-ի Կոնֆուցիոսի ինստիտուտի 10-ամյակի կապակցությամբ:
Իր հերթին՝ ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուան շեշտել է, որ ՀՌՀ-ն հանդիսանում է Կոնֆուցիուսի ինստիտուտի երկարամյա վստահելի գործընկերը: «Անչափ շնորհակալ եմ Հայ-Ռուսական համալսարանի ղեկավարությանն ինձ այս պատվին արժանացնելու համար: ՀՌՀ-ն կրթական և գիտական առաջատար կենտրոն է, որը դինամիկ զարգանում և համագործակցում է աշխարհի առաջատար համալսարանների հետ: Ես ավելի քան մեկ տարի դասավանդել եմ չինարեն այս հրաշալի համալսարանում և այդ ընթացքում շատ սիրեցի Հայ-Ռուսական համալսարանը: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել և շփվել այսպիսի հրաշալի անձնավորությունների հետ»,- ընդգծել է նա