- 12 Մայ
- 2026
ՌՀՀ ուսանողները մասնակցում են Ուսանողական III հաքաթոնին
Այս տարի Հաքաթոնին մասնակցելու հայտ էր ներկայացրել ՀՀ բուհերի և ուսումնական կենտրոնների 46 թիմ։
Ծաղկաձորում մայիսի 12-ին մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված Ուսանողական երրորդ հաքաթոնը, որին մասնակցում են Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող 100-ից ավե լի ուսանող, այդ թվում Ռուս-Հայկական համալսարանի երկու թիմ։
Միջոցառումը անցկացվելու է մայիսի 12-15-ը։ Այդ ընթացքում թիմերը կլուծեն տեխնոլոգիական ոլորտին առնչվող բազմաբնույթ խնդիրներ, իսկ հաղթող թիմերը կստանան դրամական մրցանակներ՝
- 1-ին տեղ՝ 1.5 մլն ՀՀ դրամ,
- 2-րդ տեղ՝ 1 մլն ՀՀ դրամ,
- 3-րդ տեղ՝ 0.5 մլն ՀՀ դրամ:
«Հաքաթոնի ընթացքում կանցկացվեն նաև մասնագիտական սեմինարներ և քննարկումներ նախարարության աշխատակիցների, տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև գիտակրթական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառումը շատ կարևոր է ինչպես ուսանողների, այնպես էլ գիտնականների համար», - նշեց ՌՀՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Ահարոն Ահարոնյանը։
Նա հավելեց, որ ՌՀՀ ուսանողների թիմերը մշտապես մասնակցել են այս միջոցառմանը և գրանցել լուրջ հաջողություններ։
«Ռուս-Հայկական համալսարանի ուսանողները մշտապես փայլուն մասնակցություն են ունեցել Հաքաթոնին՝ աչքի ընկնելով իրենց գիտելիքներով, ստեղծարար մոտեցումներով և նորարար գաղափարներով։ Հաքաթոնը հրաշալի հնարավորություն է երիտասարդների համար բացահայտելու իրենց ներուժը, ներկայացնելու համարձակ գաղափարներ, զարգացնելու թիմային աշխատանքի հմտությունները, ձեռք բերելու նոր փորձ և գրանցելու նոր հաջողություններ», - ընդգծեց ՌՀՀ Ռեկտորի երիտասարդության հարցերով խորհրդական Հռիփսիմե Մարգարյան։
Այս տարի Հաքաթոնին մասնակցելու հայտ էր ներկայացրել ՀՀ բուհերի և ուսումնական կենտրոնների 46 թիմ։ Մաղթենք հաջողություն մեր ուսանողներին։







