- 23 Հու
- 2022
Կայացել է «Անատոլիա-Կովկաս-Իրան» երկրորդ միջազգային կոնֆերանսը
Կոնֆերանսին մասնակցել է ավելի քան 80 գիտնական Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից:
Հայ-Ռուսական համալսարանում հունիսի 21-23-ը կայացել է «Անատոլիա-Կովկաս-Իրան» (Anatolia-the Caucasus-Iran) երկրորդ խոշորամասշտաբ միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել է ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտը՝ Գյոթեի անվան Ֆրանկֆուրտի համալսարանի Էմպիրիկ լեզվաբանության ինստիտուտի (Գերմանիա) հետ համատեղ։
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է միջոցառման մասշտաբայնությունը և ընտրված թեմայի կարևորությունը ու արդիականությունը։ ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանն իր զեկույցում ներկայացրել է պարսկերեն լեզվի Մեծ ստուգաբանական բառարանի նախագիծը, իսկ Ֆրանկֆուրտի համալսարանի ականավոր գիտնական-կովկասագետ, պրոֆեսոր Յոստ Գիպերտն իր զեկույցում անդրադարձել է Կովկասյան Ալբանիայի արդիական խնդիրներին։
Կոնֆերանսին մասնակցել է ավելի քան 80 գիտնական Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Իրանից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, որոնք ներկայացրել են զեկույցներ անատոլա-կովկասա-իրանական տարածաշրջանի ժողովրդների պատմության, լեզվաբանության, կրոնների, ազգագրության և մշակութային հարցերի վերաբերյալ։ Միջազգային կոնֆերանսի աշխատանքներն ընթացել են 22 բաժիններում (սեկցիաներում)։
«Անատոլիա-Կովկաս-Իրան» երկրորդ միջազգային կոնֆերանսը նվիրված էր աշխարհի առաջատար գիտական մատենագիտական շտեմարաններում (Scopus, Web of Science և այլն) ներառված «Iran and the Caucasus» (https://brill.com/view/journals/ic/ic-overview.xml) միջազգային գիտական ամսագրի 25-ամյակին, որը տարին չորս անգամ լույս է տեսնում Եվրոպայի ամենահին ակադեմիական հրատարակչություններից մեկում՝ նիդերլանդական «BRILL»-ում՝ ՀՌՀ-ի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի խմբագրությամբ։
Նշենք, որ վերոնշյալ միջազգային կոնֆերանսի անցկացումը հերթական անգամ հավաստում է ՀՌՀ-ի արևելագիտական դպրոցի բարձր միջազգային վարկանիշը և ներգրավածությունը համաշխարհային գիտական միջավայրում։