research
  • 16 Ապր
  • 2026

ՌՀՀ պրոֆեսոր Վիկտորյա Արաքելովան պատմեց ասոցիալական կրոնական ձևերի սակրալացման երևույթի մասին

    Ծայրահեղ շիա աղանդների և սուֆիական եղբայրությունների, գնոստիկական հոսանքների և հնդկական ասկետիզմի, հին հունական կինիկների և ուղղափառ յուռոդիվների օրինակով վերլուծվեց կրոնական տրանսգրեսիայի բնույթը:

    Ռուս-հայկական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում ապրիլի 14-ին տեղի ունեցավ պրոֆեսոր Վիկտորյա Արաքելովայի դասախոսությունը՝ «Ընտրյալների ճանապարհով․ տրանսգրեսիայի պարադոքսներ» թեմայով, որը նվիրված էր ասոցիալական կրոնական ձևերի սակրալացման երևույթին։

    Ծայրահեղ շիա աղանդների և սուֆիական եղբայրությունների, գնոստիկական հոսանքների և հնդկական ասկետիզմի, հին հունական կինիկների և ուղղափառ յուռոդիվների օրինակով վերլուծվեց կրոնական տրանսգրեսիայի բնույթը՝ որպես ընդունված նորմերի սահմաններից դուրս եկող պրակտիկաների ամբողջություն։ Ինչպե՞ս է վարքագիծը, որը ընկալվում է որպես դևիանտ և ասոցիալական, ձեռք բերում սակրալ նշանակություն այս կամ այն կրոնական համակարգում․ այս և այլ հարցերի անդրադարձավ դասախոսը հանդիպման ընթացքում։

    Վիկտորյա Արաքելովայի խոսքով՝ գրեթե յուրաքանչյուր կրոնական համակարգում ձևավորվել են այլընտրանքային պրակտիկաներ, որոնց հետևորդները մերժել են արտաքին նորմերն ու ձևական ծիսակարգերը՝ շեշտը դնելով տրանսպերսոնալ փորձի վրա՝ որպես ճշմարտության ճանաչման և փրկության այլընտրանքային ուղի։