- 02 Հոկ
- 2026
Արդյո՞ք աշխարհը կգրավեն ռոբոտները․ Դավիթ Յանը ներկայացրել է ԱԲ-ի զարգացման 5 հնարավոր սցենար
Հանդիպման ընթացքում նա ուսանողների հետ կիսվեց իր ձեռնարկատիրական փորձով՝ առաջին ստարտափներից և ձախողումներից մինչև գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների ստեղծում։
Արհեստական բանականության ոլորտի հայտնի ձեռնարկատեր Դավիթ Յանի վարպետության դասը տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում հոկտեմբերի 2-ին ։ Հանդիպման ընթացքում նա ուսանողների հետ կիսվեց իր ձեռնարկատիրական փորձով՝ առաջին ստարտափներից և ձախողումներից մինչև գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների ստեղծում։ Յանը ներկայացրեց նաև հաջող բիզնես ստեղծելու իր «երեք կախարդական բյուրեղների» հայեցակարգը՝ խնդրի, տեխնոլոգիայի և բաշխման ուղիների խորքային իմացության համադրումը։
Հանդիպման առանցքային թեման ԱԲ-ի ապագան էր։ Դավիթ Յանը ներկայացրեց առաջիկա տասնամյակների զարգացման իր կանխատեսումները՝ խոսելով ԱԲ-գործակալների գիտակցության հնարավոր դրսևորումների, ոչ կենսաբանական էակների իրավունքների, մարդ-մեքենա հիբրիդների և հումանոիդ ռոբոտների տարածման մասին։
Նրա գնահատմամբ՝ 2030–2035 թվականներին աշխարհում տարեկան կարող է արտադրվել շուրջ մեկ միլիարդ հումանոիդ ռոբոտ, ինչի արդյունքում նրանց թիվը կարող է համադրելի դառնալ մարդկանց թվաքանակի հետ։
«Մենք չենք կարող կանգնեցնել այս տեխնոլոգիական հեղափոխությունը։ Երկրի վրա հայտնվել է այլ՝ ոչ մարդկային բանականություն, և մեր խնդիրն է սովորել դրա հետ համակեցությանը», — նշել է Դավիթ Յանը։
Վարպետության դասի ընթացքում Դավիթ Յանը ՌՀՀ-ի ուսանողների հետ ստեղծեց և փորձարկեց սեփական ԱԲ-գործակալին՝ Էմիլիին, որը կարող էր հաղորդակցվել նաև հայերենով։ Մասնակիցները նաև ծանոթացան Սիլիկոնյան հովտում գտնվող նրա՝ արհեստական բանականությամբ հագեցած տան օրինակին։
Միջոցառումը կազմակերպվել էր ՌՀՀ-ի կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։
Դավիթ Յանը ABBYY-ի հիմնադիրն է և տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկատեր։ Իր կարիերայի ընթացքում նա համահիմնել է 13 ընկերություն, այդ թվում՝ Newo.ai, iiko և Syrve։ Այսօր նրա գործունեության հիմնական ուղղությունը արհեստական բանականությունն է և բիզնեսի իրական խնդիրներ լուծող ԱԲ համակարգերի ստեղծումը։







