research
  • 24 Օգո
  • 2022

Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Դոննա Ստրիկլանդ հանդես կգա Հայ-Ռուսական համալսարանում

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ին, ՀՌՀ-ում պրոֆեսոր Դոննա Ստրիկլանդը դասախոսություն կկարդա "Բազմահաճախային ռամանյան սպեկտրի գեներացման ուսումնասիրությունը" թեմայով։

    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ին, Հայ-Ռուսական համալսարանում  (նոր մասնաշենք, 7 հարկ) Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Դոննա Ստրիկլանդը (Ֆիզիկայի և Աստղագիտության Ֆակուլտետ, Վաթերլոյի Համալսարան) դասախոսություն կկարդա "Բազմահաճախային ռամանյան սպեկտրի գեներացման ուսումնասիրությունը" թեմայով։
     
    Ֆիզիկայի ոլորտում 2018 թվականի Նոբելյան մրցանակակիր Դոննա Ստրիկլանդը ծնվել է Կանադայի Գուելֆ քաղաքում։ Նա հետաքրքրություն է ցուցաբերել լազերների և էլեկտրաօպտիկայի նկատմամբ դեռ վաղ տարիքում Համիլթոնի ՄքՄասթեր Համալսարանում ուսանելու տարիներին։ Այնուհետև, 1989 թվականին դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է ԱՄՆ Ռոչեսթեչի Համալսարանում։ Նույն դոկտորական աշխատանքը նրան արժանացրել է Նոբելյան մրցանակի։ Հաջորդիվ պրոֆ․ Ստրիկլանդը աշխատել է Փրիսթոնի Համալսարանում։ Իսկ 1997 թվականից առ այսօր՝ Կանադայի Վաթերլոյի Համալսարանում։

    1985 թվականին Դոննա Ստրիկլանդին և իր գիտական ղեկավար Խերարդ Մորուին հաջողվեց ստանալ բարձր ինտեսիվությամբ գերարագ օպտիկական իմպուլսներ՝ առանց վնասելու վերջիններիս ուժեղացնող միջավայրը։ Նրանք լազերային իմպուլսները սկզբում ժամանակի մեջ լայնացրեցին, ապա ուժեղացրեցին և վերջապես սեղման ենթարկեցին։ Արդյունքում՝ իմպուլսի էներգիայի հսկայական աճ գրանցվեց։ Չիրպավորված իմպուլսները մեծ կիրառություն ունեն տարբեր բնագավառներում, ներառյալ աչքի վիրաբուժության մեջ։
     
    Նշենք, որ պրոֆեսոր Դոննա Ստրիկլանդը գտնվելու է Հայաստանում STARMUS VI միջազգային փառատոնի շրջանակներում և Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառություններին նվիրված միջազգային դպրոցի (MAOP2022) հյուրն է լինելու։
     
    Աշխատանքային լեզուն անգլերենն է։