- 09 Նոյ
- 2026
ՀՀ նախագահի խորհրդական Դավիթ Հակոբյանը դասախոսություն կարդաց ՌՀՀ ուսանողների համար
Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձել է պետական համակարգերի խորքային ճգնաժամերի պայմաններում աշխատանքի գործնական օրինակներին:
Հայաստանի նախագահի ավագ խորհրդական Դավիթ Հակոբյանի «Առաջնորդությունը ճգնաժամերի ժամանակ. դասեր Աֆղանստանի, Սոմալիի և Սիրիայի օրինակով» թեմայով բաց դասախոսությունը տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում նոյեմբերի 9-ին։
Դավիթ Հակոբյանը 30 տարի աշխատել է ՄԱԿ-ի համակարգում՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնելով Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի 15 երկրներում։
Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձել է պետական համակարգերի խորքային ճգնաժամերի պայմաններում աշխատանքի գործնական օրինակներին, իրական օգնության և արտաքին միջամտության սահմաններին, ինչպես նաև լայնածավալ հակամարտությունների առաջացման համակարգային պատճառներին։
Աֆղանստանի օրինակի հիման վրա Դավիթ Հակոբյանը վերլուծել է պետականաշինության միջազգային ծրագրի ձախողման պատճառները՝ ընդգծելով, որ զարգացման արտաքին մոդելները չեն կարող արդյունավետ լինել առանց հասարակության ներքին կառուցվածքի հաշվառման։
Առանձին ուշադրություն է դարձվել կառավարման և առաջնորդության տարբերություններին։ Բանախոսի խոսքով՝ արդյունավետ առաջնորդությունը պահանջում է ճկունություն և կառավարման ոճը իրավիճակին համապատասխանեցնելու կարողություն։ Որպես օրինակ՝ նա ներկայացրել է Սոմալիում իր աշխատանքային փորձը, երբ սուր ճգնաժամի պայմաններում երկու ամիս շարունակ տեղում օպերատիվ որոշումներ է կայացրել և համակարգել գործողությունները։
Դավիթ Հակոբյանը կարևորել է նաև բյուրոկրատական փոխգործակցության մոդելներից դեպի համերաշխության և վստահության վրա հիմնված համակարգեր անցումը՝ ընդգծելով կանանց և երիտասարդների առանձնահատուկ դերը խաղաղաշինության գործում։
Դասախոսությունը կազմակերպել էր ՌՀՀ համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնը։







