
- 11 Հոկ
- 2022
ՀՌՀ մաթեմատիկայի և մաթ․մոդելավորման ամբիոնի վարիչ Արման Դարբինյանը մասնակցել է Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին Փարիզում
Միջազգային տիեզերագնացության կոնգրեսը համախմբել էր ավելի քան 40 երկրների գիտնականների և հետազոտողների, նորարարների և փորձագետների։
Հայ-Ռուսական համալսարանի մաթեմատիկայի և մաթ․ մոդելավորման ամբիոնի վարիչ Արման Դարբինյանը Հայաստանի պատվիրակության հետ միասին սեպտեմբերի 18-ից 22-ը Փարիզում մասնակցել էր 73-րդ «Միջազգային տիեզերագնացության կոնգրես»-ին (International Astronautical Congress, https://iac2022.org/), որի կարգախոսն էր «Space for all»: Կոնգրեսը կազմակերպել էր «Միջազգային տիեզերագնացության ֆեդերացիա»-ն։
Միջազգային տիեզերագնացության կոնգրեսը համախմբել էր ավելի քան 40 երկրների գիտնականների և հետազոտողների, նորարարների և փորձագետների՝ ավելի քան 6500 պատվիրակության անդամների, ովքեր ներկայացնում էին տիեզերական սարքավորումների, կապի համակարգերի, տիեզերական տվյալների մշակման, արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի վերաբերյալ արտանդրանքներ։
_1665496581.jpeg)
Ինչպես ընդգծեց Արման Դարբինյանը, այս տարի առաջին անգամ Հայաստանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավորությամբ, մասնակցեց այս միջոցառմանը․ «Մենք ունեինք մեր տաղավարը, որտեղ ներկայացնում էինք Հայաստանում տիեզերագնացության ոլորտում ունեցած արդյունքները և կատարվող հետազոտությունները։ Քանի որ Հայաստանը արդեն ունի իր արբանյակն երկրի ուղեծրում, ապա դա տալիս է լայն հնարավորություններ տեղում ոլորտը զարգացնելու համար»։
Միջազգային տիեզերագնացության կոնգրեսը տիեզերական առաջնակարգ իրադարձություն է աշխարհում: Սա եզակի միջացառում է, անգերազանցելի իր ծավալով և հաճախելիությամբ: Աշխարհի տիեզերական գործակալությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվում են մեկ հարկի տակ՝ փոխանակելու տեղեկատվություն և գաղափարներ, կիսվելու զարգացումներով և ձեռքբերումներով, ռազմավարություններով և նոր միտումներով:
Խոսելով գիտական համագործակցության մասին՝ Արման Դարբինյանն ասաց, որ կոնգրեսի ընթացքում հանդիպել է այս ոլորտի առաջատար ներկայացուցիչների, այդ թվում՝ տեղի հայ համայնքի գիտական ներկայացուցիչների հետ, ներկայացրել Հայ-Ռուսական համալսարանում կատարվող հետազոտությունները, գործող հետազոտական
լաբորատորիաները և ՀՌՀ նոր «Ավտոնոմ համակարգեր և ռոբոտատեխնիկա» մագիստրոսական ծրագրերի փաթեթը։

«Հույս ունեմ, որ ստեղծված կապերը կտան հնարավորություն Հայաստանում զարգացնելու այս ոլորտը և մեր արտասահմանյան գործընկերների հետ համատեղ արդյունքներ ստանալու համար։ Միջազգային տիեզերագնացության կոնգրեսը շատ կարևոր միջոցառում էր, որը կտա համապատասխան վեկտոր Հայ-Ռուսական համալսարանում, ինչպես նաև Հայաստանում տիեզերական ուղղությունը խթանելու և զարգացնելու համար»։
Պարոն Դարբինյանը շեշտեց, որ այս պահին Հայաստանում չկա տիեզերական «գործակալություն», որը իր շուրջ կհամախմբի համահայկական ներուժը այս ոլորտում․ «Այդ պատճառով նախնական որոշում է կայացվել ստեղծել նման կառույց, որի կայացման և զարգացման գործում նաև մեր համալսարանը կմասնակցի և կունենա ինչպես կրթական, այնպես էլ գիտահետազոտական առանցքային դեր։ Հայաստանը առաջին քայլերն է անում այս ուղղությամբ և վստահ եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է»։