- 19 Փետ
- 2026
ՌՀՀ-ում քննարկվել են հայկական սփյուռքի հեռանկարներն ու մարտահրավերները ժամանակակից աշխարհում
Դասախոսության շրջանակում Արմեն Մարուքյանը մանրամասն անդրադարձել է պետություն–սփյուռք փոխգործակցության արդյունավետ ռազմավարության ձևավորմանը:
Փետրվարի 18-ին Ռուս-հայկական համալսարանում կայացել է ՌՀՀ Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Արմեն Մարուքյանի դասախոսություն-քննարկումը՝ «Սփյուռքը 21-րդ դարում. հայկական սփյուռքի հեռանկարներն ու մարտահրավերները ժամանակակից աշխարհում» թեմայով։
Դասախոսությունը նվիրված էր սփյուռքի, մասնավորապես՝ հայկական սփյուռքի դերին գլոբալացվող աշխարհում։ Փորձագետի խոսքով՝ ժամանակակից սփյուռքը տարբեր երկրների արտաքին քաղաքականության մեջ հաճախ հանդես է գալիս որպես «փափուկ ուժի» գործիք։ Միևնույն ժամանակ, որոշ երկրներում միգրացիոն քաղաքականության խստացումը ծնում է լուրջ մարտահրավերներ, այդ թվում՝ խտրականություն և ասիմիլյացիոն գործընթացների ուժեղացում։
Դասախոսության շրջանակում Արմեն Մարուքյանը մանրամասն անդրադարձել է պետություն–սփյուռք փոխգործակցության արդյունավետ ռազմավարության ձևավորմանը՝ նպատակ ունենալով նվազեցնել արտերկրում բնակվող հայրենակիցների համար հնարավոր ռիսկերը և միաժամանակ արդյունավետորեն ներգրավել նրանց ներուժը արտաքին քաղաքական խնդիրների իրականացման գործում։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի կողմից։







