- 07 Հու
- 2026
ՌՀՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը մասնակցել է «Ապագայի փիլիսոփայություն․ գաղափարներ և իմաստներ» համաժողովին
Միջազգային համաժողովը միավորել է ավելի քան 600 գիտնականների (փիլիսոփաներ, քաղաքագետներ, սոցիոլոգներ, պատմաբաններ և այլք), ոլորտի մասնագետների, բիզնեսի և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների՝ ավելի քան 30 երկրներից։
Ռուս-Հայկական համալսարանի Միրումյանի անվան քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը կազմկոմիտեի հրավերով մասնակցել է «Ապագայի փիլիսոփայություն․ գաղափարներ և իմաստներ» միջազգային գիտագործնական համաժողովի աշխատանքներին։ Միջոցառումը տեղի է ունեցել Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում՝ «Լոմոնոսով» կլաստերի հարթակում, հունիսի 25–28-ը։
Միջազգային համաժողովը միավորել է ավելի քան 600 գիտնականների (փիլիսոփաներ, քաղաքագետներ, սոցիոլոգներ, պատմաբաններ և այլք), ոլորտի մասնագետների, բիզնեսի և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների՝ ավելի քան 30 երկրներից։
Համաժողովը նպատակ ուներ ուսումնասիրել ապագան՝ մարդաբանական, սոցիալական, քաղաքական և տեխնոլոգիական չափումներում, ինչպես նաև բացահայտել մարդու, հասարակության և պետության ապագա զարգացման միտումներն ու հակասությունները։ Մասնակիցներն ու բանախոսները քննարկել են աշխարհում, հասարակությունում և տեխնոլոգիաներում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները, ինչպես նաև այն նորարարական իմաստները, որոնք կարող է առաջարկել փիլիսոփայական գիտությունը։
Հովհաննես Սարգսյանը հանդես է եկել «Ապագայի պատկերները Հարավային Կովկասի պետությունների ինքնության քաղաքականության էվոլյուցիայի համատեքստում» թեմայով զեկույցով, որտեղ առաջադրել է այն թեզը, որ, լինելով ինքնության քաղաքականության բաղկացուցիչ մասը, ապագայի պատկերները վերափոխվում են ինքնության քաղաքականության առաջնահերթությունների փոփոխություններին համապատասխան։ Նրա խոսքով՝ նման միջոցառումներին մասնակցությունը չափազանց կարևոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս հետևել սոցիալ-հումանիտար մտքի զարգացման հիմնական միտումներին և դրանք պրոյեկտել Հարավային Կովկասի ընդհանուր, ինչպես նաև Հայաստանի իրողությունների վրա։
Նշենք, որ համաժողովի կազմակերպիչն էր Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը՝ Ռուսաստանի «Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի» ազգային հետազոտական համալսարանի, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի, Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմին առընթեր ազգային տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի, ինչպես նաև «Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտ» ԱՈՒ-ի մասնակցությամբ։







