- 20 Փետ
- 2026
Հայաստանի Գործատուների Միության նախագահ Վահագն Համբարձումյանը ՌՀՀ ուսանողների հետ քննարկել է կարիերայի մեկնարկի և զարգացման կարևորագույն հարցերը
Փորձագետը ուսանողների հետ կիսվել է գործնական խորհուրդներով և «բանաձևերով», որոնք չկան դասագրքերում և օգնում են երիտասարդ մասնագետներին հաջողությամբ հարմարվել ժամանակակից աշխատաշուկային ու ձևավորել արդյունավետ կարիերային ռազմավարություն։
Ռուս-հայկական համալսարանում փետրվարի 19-ին կայացել է Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախկին նախագահ Վահագն Համբարձումյանի հետ հանդիպումը՝ «Կարիերայի ստարտը․ ինչպես դառնալ պահանջված» թեմայով։
Անդրադարձ է եղել շուկայի նոր կանոններին՝ մասնավորապես վերջին հինգ տարիներին տեղի ունեցած փոփոխություններին և դրանց հարմարվելու ուղիներին։ Քննարկվել է, թե ինչպես բարձրացնել սեփական մրցունակությունը և որ հմտություններն են այսօր առավել պահանջված։
Հանդիպման առանձին հատված նվիրված է եղել մասնագիտական ուղու ընտրությանը՝ սեփական բիզնեսի զարգացման և «լավ մասնագետ» ձևավորվելու տարբերակներին։ Վահագն Համբարձումյանը ներկայացրել է յուրաքանչյուր ուղղության ռիսկերն ու հնարավորությունները, ինչպես նաև այն չափորոշիչները, որոնք օգնում են կայացնել կշռադատված որոշում։
Խոսնակը նաև ընդգծել է, որ հետագա կարիերային աճի առանցքային գործոններից մեկը գործատուի հետ ընդհանուր լեզու գտնելու կարողությունն է։ Նրա խոսքով՝ կարևոր է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ունենալը, այլև ճիշտ ներկայանալը, արդյունավետ բանակցելը և երկարաժամկետ մասնագիտական հարաբերություններ կառուցելը։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ՌՀՀ Զբոսաշրջության և սպասարկման ոլորտի ամբիոնի կողմից։







