research
  • 11 Օգո
  • 2026

ՌՀՀ «Ուսմունք» դպրոցի աշակերտուհին Ուշուի միջազգային առաջնությունում դարձել է կրկնակի արծաթե մեդալակիր

    Այս տարի առաջնությանը մասնակցել է 12 երկրների 250 մարզիկ:

    Ռուս-Հայկական համալսարանի «Ուսմունք» դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի Ալիսա Ալեքսանդրովսկայան ազգային հավաքականի կազմում մասնակցել է Ուշուի միջազգային բաց առաջնությանը։ Մրցաշարն անցկացվել է Վրաստանի Բաթումի քաղաքում՝ հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը։

    Այս տարի առաջնությանը մասնակցել է 12 երկրների 250 մարզիկ՝ այն դարձնելով տարածաշրջանի ամենանշանակալի մարզական իրադարձություններից մեկը։ Հայաստանը ներկայացրել է Ավանդական Ուշուի ֆեդերացիայի 44 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր 36 մարզիկ․ նրանցից 30-ը հանդես են եկել սանդա, իսկ 6-ը՝ տաոլու մարզաձևերում։

    Մրցաշարի արդյունքներով՝ Հայաստանի մարզիկները ցուցադրել են բարձր պատրաստվածություն՝ նվաճելով ընդհանուր առմամբ 37 տարբեր հարգի մեդալ։ Դրանց թվում են նաև Ալիսա Ալեքսանդրովսկայայի նվաճած երկու արծաթե մեդալները, որոնք նա արժանապատվորեն բերել է Հայաստանի հավաքականի կազմում։

    «Ես ավելի քան 6 տարի զբաղվում եմ ուշուով և մշտապես կատարելագործում եմ իմ հմտություններն ու կարողությունները։ Այս մրցաշարն իմ կյանքում առաջին միջազգային մրցումն էր․ մինչ այդ ես հաղթել էի Հայաստանի առաջնությունում, ինչպես նաև հանդես էի եկել ՌՀՀ-ում։ Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և հաղթանակներ ու մեդալներ բերել մեր երկրին», — նշել է նա։

    Շնորհավորում ենք Ալիսային գրանցած հիանալի արդյունքի կապակցությամբ և մաղթում նոր փայլուն մարզական ու ակադեմիական հաղթանակներ։