- 01 Նոյ
- 2022
Աշխարհահռչակ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է ՀՌՀ-ի պատվավոր դոկտորի կոչում
Հայ-Ռուսական համալսարանում «Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակի գերծանր տարրերի բացահայտում» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել մեծանուն գիտնական Յուրի Հովհաննիսյանը:
Հայ-Ռուսական համալսարանում նոյեմբերի 1-ին «Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակի գերծանր տարրերի բացահայտում» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել մեծանուն ֆիզիկոս, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի ղեկավար, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՀՌՀ-ի Պատվո շքանշանի դափնեկիր Յուրի Հովհաննիսյանը:
«Նա մեր ուժի, ինտելեկտի, ակադեմիականության մարմնացումն է։ Դա այն ուժն է, որը մեզ անպայման թույլ կտա առաջատար դառնալ բոլոր այն ուղղություններում, որում մենք կանք։ Եվ, իհարկե, մեր խորը հարգանքը և ակնածանքն ենք բերում ձեզ՝ ցանկանալով բեղմնավոր հետագա բազմատարյան աշխատանք, գործ և գործունեություն»,- իր ողջույնի խոսքում նշել է ՀՌՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը։
Դասախոսությունից հետո տեղի է ունեցել նաև Յուրի Հովհաննիսյանին ՀՌՀ-ի պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը։
Նշենք, որ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը Մենդելեևի աղյուսակի 118-րդ քիմիական տարրն ի պատիվ Յուրի Հովհաննիսյանի «օգանեսոն» է անվանել։ Նա ատոմային միջուկի փորձարարական ֆիզիկայի, Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր տարրերի սինթեզի և հատկությունների հետազոտման, լիցքավորված մասնիկների արագացուցիչների ֆիզիկայի և տեխնիկայի, նանոտեխնոլոգիաներում արագացված ծանր իոնների կիրառման մասնագետ է։