research
  • 10 Նոյ
  • 2026

Իրենց Կարոլին սպասելիս․ ՌՀՀ-ում տեղի ունեցավ ներկայացում՝ Սլավոմիր Մրոժեկի պիեսների հիման վրա

    ​​​​​​​Ներկայացումը միավորել էր մարդկային մենության, սպասման, երջանկության որոնման և գոյության իմաստը գտնելու փորձերի մասին պատմություններ։

    Հայտնի լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի երեք՝ «Այրիները», «Ամառային օր» և «Կարոլ» պիեսների մոտիվներով թատերական ներկայացումը կայացել է Ռուս-Հայկական համալսարանում նոյեմբերի 6-ին։

    Ներկայացումը միավորել էր մարդկային մենության, սպասման, երջանկության որոնման և գոյության իմաստը գտնելու փորձերի մասին պատմություններ։ Ինչպես Սեմյուել Բեքեթի հայտնի պիեսի հերոսները, որոնք սպասում են խորհրդավոր Գոդոյին, այնպես էլ ներկայացման կերպարները փնտրում են իրենց Կարոլին։ Բայց ո՞վ է նա՝ երկար սպասված սե՞րը, հաջողությո՞ւնը, փոփոխություննե՞րը, ընկե՞րը, թշնամի՞ն, Աստվա՞ծը, թե՞ հենց մահը։ Յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի նրա մասին՝ հուսալով, որ հենց նրա հայտնվելը կփոխի իրենց կյանքը։

    Սակայն սպասումների այս շարքի հետևում բացահայտվում է ներկայացման գլխավոր պարադոքսը․ մինչ մարդը սպասում է ինչ-որ արտասովոր բանի, որը կարող է իրեն երջանկացնել, նա վտանգում է բաց թողնել ամենակարևորը՝ հենց կյանքը։

    Աբսուրդի, հեգնանքի և խոր փիլիսոփայական հարցադրումների միջոցով ներկայացումը հանդիսատեսին հրավիրում է խորհելու մարդկային գոյության մասին մի աշխարհում, որտեղ չկան ակնհայտ բարձրագույն նպատակներ։ Գուցե Կարոլին պետք չէ փնտրել։ Գուցե պարզապես պետք է դադարել սպասել և վերջապես սկսել ապրել։

    Ներկայացումը բեմադրվել է ՌՀՀ «ԲԷՄ» թատրոնի կողմից։ Ներկայացմանը մասնակցել են՝ Լևոն Զալաքյան, Անդրանիկ Մարտիրոսյան, Անի Մաթևոսյան, Աննա Զոլոտարյովա, Դարինա Հարությունովա, Գոռ Գրիգորյան, Լիլիթ Հովհաննիսյան, Էդգար Մելոյան։