- 10 Ապր
- 2026
ՌՀՀ-ում քննարկեցին քաղաքակրթության և բարբարոսության գաղափարը
«Քաղաքակրթությունը և բարբարոսությունը ժամանակակից պատմական խոսույթում» թեմայով միջազգային գիտատեսական համաժողովը մեկնարկել է Ռուս-հայկական համալսարանում ապրիլի 9-ին։
«Քաղաքակրթությունը և բարբարոսությունը ժամանակակից պատմական խոսույթում» թեմայով միջազգային գիտատեսական համաժողովը մեկնարկել է Ռուս-հայկական համալսարանում ապրիլի 9-ին։ Ժամանակակից գլոբալ վերափոխումների և հակամարտությունների պայմաններում «քաղաքակրթվածի» և «բարբարոսի» ավանդական հակադրությունը կրկին հայտնվում է հասարակական և գիտական քննարկումների առաջնագծում։ Համաժողովը նպատակ ունի քննադատական կերպով վերաիմաստավորել «քաղաքակրթություն vs բարբարոսություն» հակադրության գաղափարները, դրանց պատմական փոփոխականությունը, գործիքային կիրառումը և դրսևորումները տարբեր քաղաքական, սոցիալական և մշակութային համատեքստերում։
ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հումանիտար կրթության կարևորությունը և հայտարարել «Ռուսաստանի պատմություն» դասագրքի առաջին հրատարակության նախապատրաստման մասին՝ հայերեն լեզվով։ Նա կարևորել է երիտասարդ սերնդի մոտ մշակույթի և պատմության ամբողջական ընկալման ձևավորումը, ինչպես նաև ուսումնական նյութերի մշակման անհրաժեշտությունը, որոնք հասանելի կլինեն ուսանողների լայն շրջանակի համար։
Իր հերթին ՌՀՀ Միջազգային հարաբերությունների և հասարակական-քաղաքական գիտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Երվանդ Մարգարյանը նշել է համաժողովի անցկացումը Հայաստանում՝ որպես խորհրդանշական իրադարձություն՝ ընդգծելով, որ երկիրը հազարամյակների ընթացքում գտնվել է քաղաքակրթությունների, մշակույթների և կայսրությունների խաչմերուկում՝ պահպանելով իր ինքնությունը։ Նրա խոսքով՝ հայկական պատմությունը կարելի է դիտարկել որպես համաժողովի թեմայի յուրօրինակ արտացոլում և վերաիմաստավորում։
Պլենար և սեկցիոն նիստերի շրջանակում ներկայացվում են զեկույցներ՝ նվիրված պատմական խոսույթի առանցքային խնդիրներին, միջազգային հարաբերությունների և միջմշակութային փոխգործակցության հարցերին։ Երեք օրվա ընթացքում մասնակիցները քննարկում են տվյալ հասկացությունների պատմական փոփոխականությունը, դրանց գործիքային կիրառումը, ինչպես նաև դրսևորումները տարբեր քաղաքական, սոցիալական և մշակութային համատեքստերում։
Համաժողովի կազմակերպիչներն են՝ ՌՀՀ համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համընդհանուր պատմության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և ակադեմիական գիտության ու կրթության ինտեգրման բաժնի Քաղաքակրթության և բարբարոսության ուսումնասիրության լաբորատորիան, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի Հումանիտար ինստիտուտի Բարձրագույն հասարակական գիտությունների դպրոցը։







