research
  • 09 Սեպ
  • 2026

Բիզնեսի զարգացման և կորպորատիվ հաղորդակցության փորձագետը ՌՀՀ ուսանողներին պատմեց, թե ինչպես արդյունավետ լուծել կոնֆլիկտները

    Վարպետության դասի ընթացքում կիրառվեցին տարբեր ինտերակտիվ ձևաչափեր՝ մինի-դասախոսություն, խմբային խաղեր, գործնական դեպքերի վերլուծություն և այլն:

    «Առաջնորդի երկխոսություն․ կոնֆլիկտների լուծման արվեստը» թեմայով բաց վարպետության դասը անցկացվեց Ռուս-Հայկական համալսարանում անցկացվեց սեպտեմբերի 9-ին։ Գործնական ինտենսիվը վարեց բիզնեսի զարգացման, ռազմավարական հաղորդակցության և կորպորատիվ կառավարման ոլորտների մասնագետ Անի Հովհաննիսյանը։

    Վարպետության դասի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան սովորելու ճանաչել զրուցակցի թաքնված հույզերն ու կարիքները, կիրառել ակտիվ լսելու տեխնիկաներ և կառուցել արդյունավետ հաղորդակցություն բարդ իրավիճակներում։ Փորձագետը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց ասերտիվությանը, կոնֆլիկտների կառավարմանը և առաջնորդի դիրքավորման ձևավորմանը։

    Անի Հովհաննիսյանի խոսքով՝ սեփական զգացմունքները կառավարելու և ինքնավստահորեն սեփական դիրքորոշումը պաշտպանելու համար նախ անհրաժեշտ է լավ տեղեկացված լինել սեփական ներաշխարհի մասին։

    «Սա նման է մարքեթինգին․ նախքան շուկա դուրս գալը՝ մարքեթոլոգները նախ ուսումնասիրում են այն։ Այստեղ ևս նույն սկզբունքն է գործում․ եթե ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ, երբեք չեմ կարողանա կառավարել ո՛չ իմ զգացմունքները, ո՛չ էլ դիմացինի զգացմունքները», – նշեց նա։

    Խոսնակը կարևորեց նաև սեփական զգացմունքները ճանաչելու և տարբերակելու կարողությունը՝ ընդգծելով, որ արդյունավետ հաղորդակցության հիմքում նախ ինքնաճանաչումն է։

    «Հաղորդակցության մեջ նախ պետք է ճանաչել ինքներս մեզ, այնուհետև՝ դիմացինին, և միայն դրանից հետո կարելի է խոսել կառավարման ու առաջնորդության մասին», – ասաց Անի Հովհաննիսյանը։

    Նա ընդգծեց, որ առաջնորդությունը ենթադրում է ոչ միայն սեփական և ուրիշների հույզերը հասկանալու կարողություն, այլև կոնկրետ իրավիճակում և կոնկրետ մարդու հետ հաղորդակցության ճիշտ ձևաչափը զգալու կարողություն:

    Վարպետության դասի ընթացքում կիրառվեցին տարբեր ինտերակտիվ ձևաչափեր՝ մինի-դասախոսություն, խմբային խաղեր, գործնական դեպքերի վերլուծություն, զույգերով վարժություններ և հարցուպատասխան։ Մասնակիցներին տրամադրվեց նաև գործնական չեք-լիստ՝ ձեռք բերված գործիքներն առօրյա և մասնագիտական հաղորդակցության մեջ կիրառելու համար։

    Նշենք, որ Անի Հովհաննիսյանը Երևանի պետական համալսարանի, Սորբոնի և Փարիզի Ռենե Դեկարտի համալսարանի շրջանավարտ է։ Նա Ֆրանսիական մասնագիտական ուսուցման ֆեդերացիայի (FFP) հավաստագրված թրեյներ է, միջազգային խոսնակ, ինչպես նաև դրական մարքեթինգի և անձի զարգացման բիզնես-թրեյներ։

    Վարպետության դասը կազմակերպվել էր ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։