
- 16 Սեպ
- 2023
Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը
Այս տարի բուհ են ընդունվել ռեկորդային թվով ուսանողներ։
Այս տարի Հայ-ռուսական համալսարան ընդունվել է հազարից ավելի ուսանող. սա պատմական ռեկորդ է, որն ապացուցում է ՀՌՀ-ի պահանջված լինելը կրթական ոլորտում: Այս մասին ՀՌՀ օրվա առթիվ իր շնորհավորական խոսքում ասել է ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը:

Նա նշել է, որ այսօր արդեն 26-րդ անգամ նշվում է ՀՌՀ օրը, և դա ավանդույթ է, որն օգնում է տարեցտարի պահպանել համալսարանական միասնության և համախմբման ոգին:
ՀՌՀ օրվա առթիվ ուսանողներին, պրոֆեսորական կազմին և հյուրերին շնորհավորել է նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան կցորդ Դենիս Նազարովը.
«Ռուսաստանը հպարտ է, որ կա այնպիսի նախագիծ, որն օգնում է Հայաստանում հրաշալի մասնագետներ պատրաստել։ Լինելով ՀՌՀ-ի շրջանավարտ՝ ես նույնպես գիտեմ, որ համալսարանն ուժեղ է և պատրաստ շարունակել զարգացնել կադրեր ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Շնորհավոր տոնդ»:
Այնուհետև տեղի է ունեցել ՀՌՀ ուսանողների, դասախոսների և աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տարբեր անվանակարգերում:
Նշենք, որ ՀՌՀ օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են ՀՌՀ առաջին ռեկտոր, ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշատախտակին և Հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհված ուսանողների հիշատակին նվիրված հուշատախտակին ծաղիկներ դնելու արարողությամբ: