- 16 Հոկ
- 2026
ՌՀՀ-ում քննարկվել են ընտանեկան բռնության դեմ պայքարի իրավական մեխանիզմներն ու տուժածների պաշտպանության հարցերը
Մասնակիցները քննարկել են ընտանեկան և կենցաղային բռնության հիմնական ձևերը, տուժածների պաշտպանության իրավական մեխանիզմները, ոստիկանության դերը բռնության կանխարգելման և նման դեպքերի կանխման գործում:
Ընտանեկան բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված քննարկումը տեղի է ունեցել Ռուս-Հայկական համալսարանում հոկտեմբերի 16-ին։ Հանդիպման մասնակիցները ուսումնասիրել են ընտանեկան և կենցաղային բռնության հիմնական ձևերը, տուժածների պաշտպանության իրավական մեխանիզմները, ոստիկանության դերը բռնության կանխարգելման և նման դեպքերի կանխման գործում, ինչպես նաև այս ոլորտում օրենսդրության կիրառման առանձնահատկությունները։
Որպես բանախոսներ հանդես են եկել ՌՀՀ ռեկտորի՝ կազմակերպչական հարցերով խորհրդական Մարթա Մելիքսեթյանը և Հայաստանի Հանրապետության ներքին
գործերի նախարարության ոստիկանության փոխգնդապետներ Լուսինե Խաչատրյանը և Համբարձում Սարոյանը։
Քննարկման ընթացքում հյուրերն ու բանախոսները անդրադարձել են ընտանեկան բռնության տարբեր ձևերին՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական և տնտեսական բռնությանը, ինչպես նաև մարդու կարիքների անտեսմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խնդրի իրավական կողմին, բռնության դեպքերին արձագանքելու մեխանիզմներին և տուժածների պաշտպանության հնարավորություններին։
Ոստիկանության ներկայացուցիչները ներկայացրել են իրավապահ մարմինների դերը ընտանեկան բռնության կանխարգելման և կանխման, քաղաքացիների դիմումներին արձագանքելու և տուժածների անվտանգությունն ապահովելու գործում։ Առանձին անդրադարձ է կատարվել օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներին, ինչպես նաև ոստիկանության՝ համապատասխան մասնագետների և բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրող կազմակերպությունների հետ համագործակցությանը։
Մարթա Մելիքսեթյանը ներկայացրել է նաև «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության գործունեությունը՝ ընդգծելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կանանց ժամանակին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։
Քննարկման կարևոր ուղղություններից է եղել տուժածներին համալիր աջակցության տրամադրումը։ Բացի օպերատիվ արձագանքից և անվտանգության ապահովումից՝ անհրաժեշտ է հաշվի առնել բռնության հոգեբանական հետևանքները և ապահովել մասնագիտական օգնության հասանելիությունը։ Այս հարցերին է նվիրված եղել ՌՀՀ հոգեբանության ամբիոնի ասիստենտ Էլա Արզումանյանի զեկուցումը՝ «Սեռական բռնություն վերապրած կանանց հուզական և հոգեբանական վիճակի առանձնահատկությունները և հասարակության վերաբերմունքի ազդեցությունը նրանց հոգեբանական վերականգնման վրա» թեմայով։
Մասնակիցներն անդրադարձել են նաև ընտանեկան բռնության դեպքերի լուսաբանման գործում զանգվածային լրատվամիջոցների դերին։ Նշվել է, որ պատասխանատու լրագրությունը նպաստում է խնդրի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը, տուժածների իրավունքների և օգնություն ստանալու հնարավորությունների մասին տեղեկատվության տարածմանը։ Միևնույն ժամանակ, ինչպես շեշտել է ՌՀՀ լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը, կարևոր է պահպանել գաղտնիությունը, հարգել տուժածների արժանապատվությունը և խուսափել այնպիսի տեղեկատվության ներկայացումից, որը կարող է հանգեցնել տուժածին մեղադրելու կամ նրա հոգեբանական կրկնակի տրավմատացման։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի, Քրեական իրավունքի սիրահարների ակումբի և ՌՀՀ ռեկտորի՝ կազմակերպչական հարցերով խորհրդական Մարթա Մելիքսեթյանի համատեղ նախաձեռնությամբ։






