research
  • 06 Հոկ
  • 2023

ՀՌՀ-ում անցկացվել է Գիտություն 0+ համառուսական փառատոնը

    Գիտության փառատոնը լավ հարթակ դարձավ գիտնականների և ուսանողների միջև գիտելիքների և գաղափարների փոխանակման համար:

    Գիտություն 0+ համառուսաստանյան փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 5-ին Հայ-Ռուսական համալսարանում գիտության տարբեր ոլորտների առաջատար գիտնականներ դասախոսություններ կարդացին և ուսանողների հետ քննարկեցին ժամանակակից գիտական հետազոտություններն ու ձեռքբերումները:
     
    «Մեր միջոցառումը նվիրված է գիտության դերի ներկայացմանը և տարածմանը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր ջանքեր են գործադրել, որպեսզի գիտության փառատոնը կայանա Հայ-Ռուսական համալսարանում։ Մեր առաջատար դասախոսները կներկայացնեն գիտության ողջ ճյուղերի զարգացման նշանակությունն ու տեսլականը», - ասաց ՀՌՀ գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը։
     
    Նրա խոսքով, ՀՌՀ-ն իր առջև միշտ խնդիր է դրել զարգացնել բուհը հենց գիտահետազոտական համալսարանի դերի ամրապնդման տեսանկյունից. «Մեր գիտնականները մեծ ջանք ու ռեսուրսներ են ներդրել այս ուղղությամբ. դրա մասին է վկայում ՀՌՀ-ի մրցունակությունը, որն արտացոլված է ազգային և միջազգային վարկանիշային համակարգերի թվերով։ Սա փաստորեն ցույց է տալիս, որ համալսարանի ղեկավարության, պրոֆեսորների, ՀՌՀ առաջատար գիտնականների վարած գիտական քաղաքականությունը սկզբունքային գիծ ունի»:
     
    ՀՌՀ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսն ընդգծեց, որ միջդիսցիպլինար հետազոտությունները օրեցօր ավելի նշանակալից են դառնում։ Օրինակ՝ Հայ-Ռուսական համալսարանի կենսադեղագործության ոլորտի մասնագետները ռուս գիտնականների հետ միասին մշակել են մինչ օրս հակագրիպի ամենաարդյունավետ դեղամիջոցներից մեկը։ 
     
    Հայ-Ռուսական համալսարանում գիտության փառատոնը լավ հարթակ դարձավ գիտնականների և ուսանողների միջև գիտելիքների և գաղափարների փոխանակման համար, ինչը կնպաստի գիտական մշակույթի զարգացմանը և երիտասարդների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրության աճին: Դասախոսություններով հանդես եկան ՀՌՀ ճարտարագիտական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը («Զսպանակային ճոճանակից մինչև արհեստական ատոմ»), ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը («Զարգացման հեռանկարներ. Արևելագիտություն»), ՀՌՀ գիտաշխատող Շուշանիկ Ղազարյանը («Նանոբժշկություն. մարտահրավերներ և հնարավորություններ») և ՀՌՀ գիտության վարչության գլխավոր մասնագետ Մերի Թադևոսյանը («Գիտության պոպուլիզացիան երիտասարդների շրջանում»):
     
    Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներն են Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աջակցությամբ։ Միջոցառման նպատակն է հանրությանը պարզ և մատչելի լեզվով պատմել, թե ինչ են անում գիտնականները, ինչպես են գիտական հետազոտությունները բարելավում կյանքի որակը և ինչ հեռանկարներ են բացում մարդկանց համար:
     
     
     
    Թարգմանեց՝ Նենսի Աբրահմյանը
    ("Լրագրություն", III կուրս)