research
  • 18 Փետ
  • 2026

ՌՀՀ պատվիրակությունը մասնակցել է Նիկիտա Սիմոնյանի հիշատակին նվիրված երեկոյին

    Միջոցառման շրջանակում ցուցադրվել էր «Նիկիտա Սիմոնյան. նորին մեծություն ֆուտբոլ» վավերագրական ֆիլմը:

    Երևանում Մոսկվայի տանը փետրվարի 13-ին տեղի էր ունեցել լեգենդար ֆուտբոլիստ և ականավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հիշատակին նվիրված երեկո։ Միջոցառման շրջանակում ցուցադրվել էր «Նիկիտա Սիմոնյան. նորին մեծություն ֆուտբոլ» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի աջակցությամբ։ Ֆիլմը ներկայացնում է Սիմոնյանի կյանքի ուղին, նրա փայլուն հաղթանակները և մեծ ավանդը խորհրդային ֆուտբոլի զարգացման գործում։
     
    Ցուցադրությանը ներկա էին նաև Ռուս-հայկական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները։ Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ ստեղծագործական հանդիպում պրոդյուսեր Տիգրան Մանասյանի հետ, ով ներկայացրեց ֆիլմի ստեղծման հետաքրքիր մանրամասները և պատասխանեց հանդիսատեսի հարցերին։

    Այնուհետև ելույթ ունեցան «Արարատ-73» լեգենդար թիմի խաղացողներ Սերգեյ Բոնդարենկոն, Էդուարդ Մարկարովը, Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսովը և հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։ Նրանք կիսվեցին իրենց հիշողություններով՝ ընդգծելով Նիկիտա Սիմոնյանի անգնահատելի դերը թիմի պատմական հաղթանակներում և իրենց մասնագիտական կայացման գործում։

    Երեկոյի ավարտին Երևանի Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը շնորհակալություն հայտնեց ֆուտբոլային աստղերին այն ուրախության և հպարտության համար, որը նրանք պարգևել էին 1973 թվականին ողջ հայ ժողովրդին՝ մաղթելով նրանց առողջություն և բարեկեցություն։

    Հավելենք, որ միջոցառումն անցկացվել է «Ռուսաստանի և Հայաստանի Մեծ անունները» միջոցառումների համալիրի շրջանակում և կազմակերպվել էր Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի, Մոսկվայի հայրենակցի տան և Երևանի Մոսկվայի տան կողմից։