research
  • 30 Հու
  • 2025

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես Է եկել ՌՀՀ ինժեներական ամառային դպրոցում

    Դպրոցը նվիրված է ժամանակակից կապի ցանցերի և քվանտային հաղորդակցման տեխնոլոգիաների խորացված ուսումնասիրմանը։ 

    Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի կողմից՝ գերմանական ՌՈԴԵ ԵՎ ՇՎԱՐՑ (Rohde & Schwarz) թեստավորման և չափումների ոլորտում առաջատար ընկերության և Լոկատոր ընկերության հետ համագործակցությամբ, Դիլիջանում կազմակերպվել էր ինժեներական ամառային դպրոց։ Դպրոցի նպատակն էր զարգացնել մասնակիցների մասնագիտական կարողությունները հեռահաղորդակցության, անլար կապի համակարգերի, շարժական 4G/5G տեխնոլոգիաների, քվանտային ֆիզիկայի և հարակից ոլորտներում՝ համադրելով տեսական գիտելիքները գործնական հմտությունների հետ։
     
    Ամառային դպրոցի շրջանակներում հուլիսի 29-ին Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդես էր  եկել առաջնորդության թեմայով դասախոսությամբ: Իր ելույթում նա ներկայացրել էր առաջնորդության հիմնական սկզբունքները, արդյունավետ կառավարման մոտեցումները, ինչպես նաև կարևորել էր փափուկ հմտությունների և անձնական տեսլականի դերը մասնագիտական հաջողությունների հասնելու գործընթացում։ Բացի այդ, նա անդրադարձավ նաև հեռահաղորդակցության ոլորտի մարտահրավերներին, 5G տեխնոլոգիաների ժամանակակից միտումներին և ոլորտի զարգացման հեռանկարներին։
     
    «Մենք շատ ենք կարևորում տեխնոլոգիական կրթությունը, և ողջունում ենք երիտասարդների համար ստեղծված նման ցանկացած հնարավորություն։ Ուրախ եմ, որ այսօր  հնարավորություն ունեցա իմ գիտելիքներով և փորձով կիսվելու ամառային դպրոցի մասնակիցների հետ։ Հավատացած եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ապագա մասնագետների պատրաստման գործում այսօրվա ներդրումների շնորհիվ վաղը կունենանք նորարար և մրցունակ մասնագիտական համայնք», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
     
    Ելույթից հետո տեխնիկական տնօրինության աշխատակիցներն իրականացրեցին դրայվ թեսթ, և մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում անցկացնելու դրայվ թեսթ՝ ստուգելով բջջային ցանցի ռադիոծածկույթի, որակի, ինչպես նաև շահագործվող կայանների հիմնական պարամետրերը։ 
     
    «Ամառային դպրոցն իր կարևորությամբ եզակի հարթակ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին և ուսանողներին խորացնել գիտելիքներն ու ձեռք բերել նոր հմտություններ՝ կիրառելով դրանք պրակտիկ խնդիրների լուծման մեջ։ Այսպիսի ծրագրերը խթանում են գիտական և ինժեներական մտածողության զարգացումը, ինչը չափազանց կարևոր է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի համար։ Կազմակերպիչները բարձր են գնահատում նման առաջատար ընկերությունների մասնակցությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս մասնակիցներին շփվել ոլորտի փորձառու մասնագետների հետ և ներգրավվել իրական նախագծերում», – նշել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ինժիներա-ֆիզիկական ինստիտուտի տնօրեն Ահարոն Ահարոնյանը։
     
    Նշենք, որ բարձր տեխնոլոգիական ուղղվածությամբ 5-օրյա ամառային ինժեներական դպրոցը մեկնարկել էր հուլիսի 27-ին և նվիրված էր ժամանակակից կապի ցանցերի և քվանտային հաղորդակցման տեխնոլոգիաների խորացված ուսումնասիրմանը։ 
     
    Ծրագրին մասնակցել է 17-ից 25 տարեկան 50 երիտասարդ։